ՄԱԿ-ի Կլիմայի 27-րդ համաժողովում Հայաստանը խոսել է կլիմայական ֆինանսավորման մասին. Գայանե Գաբրիելյան
«Հայաստանի Հանրապետությունը կլիմայական օրակարգին անդամակցում է վաղուց, բայց 2015 թվականին Փարիզյան համաձայնագրով ամրագրվեցին որոշ պարտավորություններ, որոնք ստանձնել է նաև Հայաստանը»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում հայտնեց ՇՄ նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը՝ ներկայացնելով ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովի արդյուքները, որը նոյեմբերի 6-20-ը տեղի է ունեցել Եգիպտոսում:
Նրա խոսքով՝ Փարիզյան համաձայնագրով նաև ամրագրված են նրան միացած երկրներին տրամադրվելիք աջակցությունները, որը հնարավորություն կտա առանցքային ոլորտներով կլիմայական խնդիրներ վերհանել և ֆինանսավորվել դրանց ծրագրային լուծումներ տալու համար:
Խոսելով ստանձնած պարտավորություններից՝ Գայանե Գաբրիելյանը հայտնեց, որ Հայաստանը ստանձնել է պարտավորությունը մինչև 2030 թվականը մթնոլորտ ածխաթթու գազի արտանետումները կրճատել, իսկ մինչև 2050 թվականը հասցնել 0-ի:
Փոխնախարարը նաև տեղեկացրեց, որ նոյեմբերի 7-8-ին Համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել բարձր մակարդակով նախագահական հանդիպումը, որի ժամանակ ելույթ է ունեցել Վահագն Խաչատուրյանը:
«Հայաստանի նախագահը շատ բարձ մակարդակով ելույթ է ունեցել ինչպես ընդհանուր հայտարարությամբ՝ շեշտադրելով Հայաստանի Հանրապետության համար շատ-շատ կարևոր խնդիրներ, այնպես էլ շատ բարձր մակարդակով հանդես է եկել կլոր սեղանի շուրջ, որը ղեկավարում էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և ներկա է եղել ԱՄՆ պետքարտուղարը»,-ասաց ՇՄ նախարարի տեղակալը և հավելեց. «Հայաստանը խոսել է կլիմայական ֆինանսավորման մասին, որը աշխարհի մակարդակով կարևորագույն հարցերից մեկն է, որովհետև Փարիզյան համաձայնագրից հետո զարգացած երկրները զարգացող երկրներին, որոնց թվում է նաև Հայաստանը, խոստում տվեցին, որ տարեկան շուրջ 100 մլրդ դլար գումար կգեներցվեն Կանաչ կամ Կլիմայական հիմնադրամներում, որոնք հետո կվերաբաշխվեին զարգացող երկրներին, իրենց արձանագրած խնդիրների լուծման համար, բայց անցել է 7 տարի և զարգացած երկրներն ամբողջությամբ իրենց խոստումը չեն իրականացրել՝ այսօրվա դրությամբ հավաքագրելով միայն 80 մլրդ դոլար: Զարգացած երկրներն այսօր կարծես թե փորձում են հարց բարձրացնել, թե ինչո՞ւ չեն կարողանում խոստացված գումարներն ապահովվել»:
Գաբրիելյանը հայտնեց, որ զարգացող երկրներն էլ պահանջ են ներկայացնում ամենաշատ արտանետող երկրներին՝ զարգացածներին՝ ԱՄՆ-ին, Չինաստանին, ԵՄ-ին, որպեսզի բոլորով կարողանան երկրի ջերմաստիաճանի բարձրացումը պահել 1.5 աստիճի սահմաններում, այն դեպքում, երբ արդեն արձանագրված է 1.2 աստիճան բարձրացում:
ՇՄ նախարարի տեղակալը հայտնեց, որ համաժողովում ամենակարևոր արդյունքը «Վնասների և կորուստների հիմնադրամի» ստեղծման փաստաթղթի ստորագրումն է և, որ Հայաստանը մտադրվել է այդ հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ լինել, ինչը երկրին հնարավորություն կտա կարողությունների զարգացման ուղղությամբ աշխատել՝ լավ իմանալով այդ հիմնադրամի աջակցության ուղղությունները:
Հարակից հրապարակումներ`
- Կլիմայի փոփոխության ազդարարող նշաններն ու ազդեցությունները դառնում են ավելի դրամատիկ. Զեկույց
- Ցուցարարները կլիմայի գագաթնաժողովում փորձել են ընդհատել Բայդենի ելույթը
- Կլիմայի փոփոխությունը սպառնում է ամերիկացիներին
- Բոլոր մայրցամաքներում կլիմայի փոփոխությունները տեղի են ունենում աղետալի արագությամբ․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար