Թոշակն ավելացնում են, նպաստը՝ կտրում
Պայմանավորված եկամտի ավելացմամբ (օրինակ՝ աշխատավարձ, կենսաթոշակ կամ ամսական պարբերականությամբ վճարվող որևէ այլ եկամուտ) քաղաքացին կարող է դուրս մնալ անապահովության գնահատման համակարգից․ ընթացակարգը նոր չէ, գործում է համակարգի ներդրման պահից։ Այս մասին հայտնում են աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունից։
Ըստ պետական մարմնի, անապահովության գնահատման համակարգում հաշվառված քաղաքացիներին տրամադրվող ընտանեկան/սոցիալական նպաստը երաշխավորված աջակցություն չէ, այն ընտանիքի եկամուտների հիմքով տրվող աջակցություն է՝ ի տարբերություն օրինակ կենսաթոշակների։
Համակարգից դուրս մնացած, բայց աջակցության կարիք ունեցող քաղաքացիները կարող են դիմել եռամսյակային հրատապ օգնություն ստանալու համար, որի չափը հավասար է սոցիալական նպաստի չափին (ամսական՝ 18 հազար դրամ):
«Միաժամանակ տեղեկացնում ենք նաև, որ ընտանիքը կարող է չստանալ ընտանեկան կամ սոցիալական նպաստ, բայց կարող է շարունակել օգտվել այլ աջակցություններից։ Այս դեպքում, կենսաթոշակի բարձրացման հիմքով անապահովության գնահատման համակարգից դուրս մնացած ընտանիքները կշարունակեն օգտվել կոմունալ զեղչերից (նվազ սակագներ՝ բնական գազի, էլեկտրաէներգիայի, խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների դիմաց)․ վերոնշյալ հնարավորությունից օգտվելու համար անհրաժեշտ է ունենալ ոչ թե «28.00» , այլ՝ «20.00» միավոր, իսկ կենսաթոշակի չափի բարձրացումը միավորի կտրուկ փոփոխություն՝ «28.00» –ից «20.00» միավորի միջակայքում չի բերել։
Միաժամանակ տեղեկացնում ենք նաև, որ այս պահին ընտանեկան/սոցիալական նպաստ է ստանում շուրջ 72500 քաղաքացի․ անապահովության գնահատման նոր համակարգի ներդման ուղղությամբ նախարարության կողմից ինտենսիվ աշխատանքներ են տարվում»,-նշում են նախարարությունից։
Հիշեցնենք, որ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը բարձրաձայնել էր մի դեպքի մասին, երբ անկողնուն գամված 70-ամյա կնոջը զրկել են նպաստից.
«70-ամյա Ալվինա Ալեքսանյանն է. 2002 թվականից ինսուլտով գամված է անկողնուն։ Միակ խնամակալը աղջիկն է, ով աշխատանք չունի։ Ամուսինը մահացել է, իսկ մեծ աղջիկը Սպիտակի երկրաշարժի զոհերից է։
Երեկ հաշմանդամ այս կինն իմացել է, որ 3 հազար դրամ թոշակ բարձարցնելով ինքը զրկվել է 18 հազար դրամ ընտանեկան նպաստից։
Ընտանիքը ծայրահեղ ծանր սոցիալական պայմաններում է ապրում՝ չունեն վառելիք, դեղորայքի գումար։
Ալվինա Ալեքսանյանի աղջկա առաջարկով եւ թույլտվությամբ տեղադրում եմ այս տեսանյութը։
Սա Նիկոլի կառավարության հերթական «լավ գործի» ողջ պատկերն է՝ դիշովի շոուի ու սեփական PR-ի համար 3 հազար դրամ թոշակ բարձրացնել՝ զրկելով այս ու նմանատիպ հազարավոր ընտանիքներ նվազագույնը 18 հազար դրամ նպաստից։
Ալո, Լոռու մարզպետարան՝ հուսամ այս ընտանիքի հարցը շատ արագ կկարգավորեք։
Ու հա, եթե մեր երկրում դեռ ՄԻՊ կա, սպասում եմ նրա ձայնին»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան