«Կին» միջազգային փառատոնի բոլոր ֆիլմերի ցուցադրությունների մուտքն ազատ է
«Կին» միջազգային կինոփառատոնը 19 տարեկան է։ «Այս տարիների ընթացքում «Կին»-ը հավատարիմ մնալով իր գաղափարախոսությանն ու առաքելությանը շարունակում է ցուցադրել աշխարհում ստեղծագործող կին ռեժիսորների ֆիլմերը Հայաստանում, կազմակերպում է կրթական ծրագրեր և հանդիսանում փորձի փոխանակման և ինքնարտահայտման խթանման հարթակ»,- հայտնում են փառատոնի մամուլի ծառայությունից։
«Կին» կինոփառատոնի ցուցադրությունները կանցկացվեն դեկտեմբերի 1-5-ը, ՀԲԸՄ դահլիճում։ Բոլոր ցուցադրությունների մուտքն ազատ է։ Ֆիլմերը ցուցադրվում են բնօրինակ լեզվով, հայերեն թարգմանությամբ (ականջակալների միջոցով) և անգլերեն ենթագրերով։
Փառատոնի մրցութային և հյուրերի ծրագրերում կներկայացվեն 47 ֆիլմ 17 երկրից։
Դեկտեմբերի 2-ին Երևանում «Ռուսական տանը» տեղի կունենա ժամանակակից կինոյում կանանց դերին և խնդիրներին նվիրված կլոր սեղան։
«Կին» 19-րդ միջազգային կինոփառատոնն իր ռետրոսպեկտիվ ծրագիրը կնվիրի 20-րդ դարի հանրահայտ ամերիկացի կինոռեժիսոր և խորեոգրաֆ Մայա Դերենին:
Դեկտեմբերի 3-ին, 18:00-ին տեղի կունենա «Օսկար»-ի 95-րդ մրցանակաբաշխության «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում Հայաստանի պաշտոնական հայտ՝ «Ավրորայի լուսաբացը» (ռեժ.՝ Իննա Սահակյան) վավերագրական անիմացիոն ֆիլմի ցուցադրությունը։
Դեկտեմբերի 4-ին, 18:00-ին կցուցադրվի Նաիրի Հախվերդիի «Ավլելով Երևանը» վավերագրական ֆիլմը։ Ֆիլմը Մարինա անունով կնոջ պոետիկ դիմանկարն է, ով ամեն գիշեր անցնում է 40 կիլոմետր` մայրաքաղաք Երևանի փողոցները ավլելու համար։
Դեկտեմբերի 4-ին, 19:00-ին կանցկացվի «Անիմացիայի երեկո», որի ընթացքում տեղի կունենա Ձեռակերտ անիմացիայի լաբորատորիայի արդյունքում ստեղծված անիմացիոն ֆիլմի շնորհանդեսը, որից հետո լաբորատորիայի համադրողներ՝ Յուրա Բոգուսլավսկին, Ասյա Կիսելևան և Սաշա Չիրկովը կներկայացնես «Ցեխ անիմացիի» անիմացիոն ֆիլմերի ստուդայի աշխատանքները և կվարեն կարճ զրույց անիմացիայի մասին։
Դեկտեմբերի 5-ին, 19:00-ին տեղի կունենա «ԿԻՆ» կինոփառատոնի փակման արարողությունը, որի ընթացքում կշնորհվեն մրցանակներ հաղթող ֆիլմերին։ Արարողությանը կհետևի 78-րդ Վենետիկի միջազգային կինոփառատոնին Ոսկե առյուծ մրցանակին արժանացած «Իրադարձություն» (ռեժ.՝ Օդրի Դիվան) ֆիլմի ցուցադրությունը։
Փառատոնի ժյուրիի անդամներն են` Անի Հայկազյանը (սցենարիստ, Հայաստան), Ելենա Շուվաևա-Պետրոսյանը (գրող, Հայաստան), Յուրի Միխայիլինը (կինոքննադատ, Ռուսաստան), Դիանա Մարտիրոսյանը (կինոքննադատ, Հայաստան), Թամարա Հակոբյանը (կինոգետ, Հայաստան):
Փառատոնի մրցանակներն են՝
«Լավագույն ֆիլմ»
«Հատուկ մրցանակ»
Դիպլոմներ
Մրցանակ Երևանում «Ռուսական տան» կողմից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան