Ադրբեջանը Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու վրացական հատվածում ներդրում կանի
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու վրացական հատվածի ընդլայնման նախագծում Ադրբեջանի ներդրումները կգերազանցեն 100 մլն դոլարը։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ «Միջին միջանցքի երկայնքով. աշխարհաքաղաքականություն, անվտանգություն և տնտեսություն» միջազգային համաժողովում:
Ալիևը նշել է, որ ադրբեջանական կողմը սկսում է ներդրումներ կատարել այս երկաթուղու վրացական հատվածի ընդլայնման համար՝ երկրի տարածքով բեռնափոխադրումների ծավալների ավելացման ֆոնին։ Նրա խոսքով, նախագիծը կավարտվի մեկ կամ մեկուկես տարում։
Ալիևի խոսքով, Ադրբեջանը ներդրումներ է անում նաև երկաթուղային համակարգի, տրանսպորտային ենթակառուցվածքների, հատկապես օդային և բեռնափոխադրումների արդիականացման մեջ։ Այս աշխատանքների շրջանակում նախատեսվում է ավելացնել առևտրային նավահանգստի տարեկան բեռնափոխադրման հզորությունը՝ 15 միլիոնից մինչև 25 միլիոն տոննայի։
Ի դեպ, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու ընդհանուր երկարությունը 826 կմ է։ 2021 թվականին երկաթուղով բեռնափոխադրումների ծավալը կազմել է 476,9 հազար տոննա, ինչը 2,1 անգամ գերազանցում է 2020 թվականի ցուցանիշը։