ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության հարցերով միջկառավարական կոմիտեի 17-րդ նստաշրջանին կմասնակցի Հայաստանը
Նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 3-ը Ռաբաթում (Մարոկկոյի Թագավորություն) կանցկացվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության հարցերով միջկառավարական կոմիտեի 17-րդ նստաշրջանը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Միջկառավարական կոմիտեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թ. «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի գլխավոր մարմիններից է. այն ստեղծվել է կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն: Կոմիտեի կազմում 24 անդամ պետություն է: Կոմիտեի կարևոր գործառույթներից է անդամ պետությունների ներկայացրած հայտերի առնչությամբ վերջնական որոշում կայացնելը՝ կոնվենցիայով սահմանված ցանկերում գրանցելու նպատակով:
Նստաշրջանին մասնակցում է աշխարհի 125 երկրի ավելի քան 1000 ներկայացուցիչ, այդ թվում` կոնվենցիային միացած անդամ երկրների, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, դիտորդներ, ինչպես նաև տարբեր երկրների լրատվամիջոցներ: Նստաշրջանին մասնակցելու նպատակով Ռաբաթ է մեկնել ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության պատվիրակի տեղակալ Օ. Դավթյանը և ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության մշակութային ժառանգության պահպանության և հանրահռչակման բաժնի գլխավոր մասնագետ Ն. Կիլիչյանը։
Նստաշրջանի օրակարգի կարևոր հարցերից են տարբեր երկրներից գրանցման ներկայացված հայտերի քննարկումները: Ներկայացվել էր 50 հայտ, որից 4-ը՝ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության, 46-ը` մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկերում ընդգրկելու, 5-ը՝ պաշտպանության լավագույն փորձի գրանցամատյանի առաջարկներ և 2 հայտ` ոչ նյութական մշակութային ժառանգության հիմնադրամի կողմից անդամ պետություններին տրամադրվող միջազգային աջակցություն ստանալու համար:
Հայաստանի Հանրապետությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թ. «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիան վավերացրել է 2006 թ. և մինչ օրս ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում գրանցել է «Դուդուկն ու իր երաժշտությունը» (2008 թ.), «Հայկական խաչքարի արվեստ. խաչքարի խորհուրդն ու խաչքարագործությունը» (2010 թ.), «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ էպոսի կատարողական դրսևորումները» (2012 թ.), «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում» (2014 թ.) և «Քոչարի. ավանդական խմբապար» տարրերը: ՅՈՒՆԵՍԿՕ-ում հավատարմագրվել է «Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոն հասարակական կազմակերպությունը (2020 թ.), և ՅՈՒՆԵՍԿՕ է ներկայացվել «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի կիրարկման և մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառված տարրերի կարգավիճակի վերաբերյալ ՀՀ պարբերական զեկույցը (2021 թ.):