Թբիլիսիում բնակարանի վարձակալության գինն աճել է 120 տոկոսով
Փետրվարից սկսված ռուս-ուկրաինական պատերազմի և Ռուսաստանում հայտարարված զորահավաքի հետևանքով պատերազմող երկրներից մարդկանց արտահոսքը դեպի Վրաստան աճեց, որը նպաստեց Թբիլիսիում վարձակալության հանձնվող բնակարաների վարձավճարների շեշտակի բարձրացմանը։ Բնակարաների բարձր գներն ու խարդախության աճող դեպքերն անհանգստացնում են Թբիլիսիում սովորող ուսանողներին:
Ըստ TBC Capital ընկերություն տվյալների՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Թբիլիսիում բնակարաների վարձաճարն աճել է 120 տոկոսով։
Թբիլիսիի կենտրոնական շրջաներում, ըստ անշարժ գույքի գնման և վարձակալության (ss.ge, Myhome.ge) կայքերի՝ այժմ վարձակալությամբ տրվող 1-2 սենյականոց բնակարանների գինը տատանվում է 1500-3500 լարիի սահմաններում, իսկ քաղաքի մնացած շրջաներում համեմատաբար ավելի էժան է՝ 700-2000 լարի։
Բնակարանների գների աճին համընթաց աճել են նաև խարդախության դեպքերը։ Վերջին շրջանում ավելացել են դեպքերը, երբ տարբեր կայքերում հայտնվում են հայտարարություններ, Թբիլիսիի տարբեր շրջաներում բավականին մատչելի գներով վարձակալությամբ տրվող բնակարանների մասին, որից հետո հայտարարությամբ բնակարան վարձակալողներից պահանջում են կանխավճար՝ գոյություն չունեցող բնակարանն ուրիշին չհանձնելու պատճառաբանությամբ և գումարը ստանալուն պես անհետանում են:
«Տունը որտեղ ապրում ենք չկան նորմալ պայմաններ, դրա համար որոշեցինք նոր տուն փնտրել ու երբ կայքում տեսանք բավականին լավ բնակարան այն էլ հարմար գնով, որոշեցինք միանգամից զանգել: Մեզ ասացին, որ պետք է 100 լարի փոխանցենք իրենց հաշվեհամարին որպես կանխավճար՝ պայմանով, որ տունն ուրիշին չտան, նաև պայմանավորվեցինք հենց նույն օրը գնալ ու տեսնել տունը, բայց գումարը փոխանցելուն պես այդ մարդն անհետացավ ու մինչև հիմա չենք կարողանում գտնել այդ խաբեբային», – Jnews-ին պատմել է ուսանող Ռ.Դ.-ն:
Բնակարանների շարունակաբար բարձրացող գները և խարդախության աճող դեպքերն անհանգստացնում են Թբիլիսիում սովորող ուսանողներին: Վախ կա, որ բնակարանների տերերը կարող են յուրաքանչյուր պահի տնից հանել, իսկ նոր բնակարան գտնելը շատ դժվար է և ռիսկային: Քանզի որոշ ուսանողներ արդեն իսկ դարձել են խարդախության զոհ: