Այսօր նաև տեղանվանական պատերազմ է գնում. Վարդան Դևրիկյան
«Ժամանակին մենք որոշակի տակտիկական սխալ ենք թույլ տվել։ Թերևս ես էլ ունեմ իմ մեղավորությունը։ Այն է՝ մենք չպետք է բանավեճի ներքաշվենք ադրբեջանցիների հետ անիմաստ, անհեթեթ հարցերում»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը։
Օրինակ, եթե ադրբեջանցիներն ասում են՝ հայկական ճարտարապետության ակնհայտ կոթողներն իրենց են, պե՞տք է վիճել դրա շուրջ, թե՞ ոչ, կամ՝ հայ միջնադարյան պատմագրության, գրականության տարբեր դեմքերի հարցում պե՞տք է վիճել, թե՞ արհամարհել։
«Ես ինքս էլ մտածել եմ՝ երևի ճիշտ կլինի արհամարհելը, քանի որ վեճն արդեն ակամա գիտականություն է հաղորդում։ Բայց այս տարիները ցույց տվեցին, որ մենք էական սխալ ենք գործել, որովհետև եթե դիմացինն անընդհատ տարբեր կեղծիք, անհեթեթ, հիմնազուրկ բաներ է ասում և դիմացից պատասխան չի ստանում, աշխարհում արմատանում է նրա ասածը»,- ասաց Վ.Դևրիկյանը։
Նա ընդգծեց՝ ակադեմիական մակարդակի վրա այդ բոլորն ամենաբարձր մակարդակով հերքվել են. «Դեռ 1970-ական թվականներին, երբ հեյդարալիևյան մակարդակով տարբեր կեղծարարություններ էին իրականացվում, նույն Գրականության ինստիտուտը, հանձինս Պարույր Սևակի և Ասատուր Մնացականյանի, ջախջախիչ ձևով հերքել են աղվանական գրականության այն կեղծ վարկածները, թե հայոց արևելյան կողմի գրականությունը կեղծ, ենթադրյալ Աղվանքի գրականություն է, ըստ այդմ էլ՝ իբրև թե ադրբեջանցիներն աղվանների ժառանգներն են։ Տիպաբանական հատկանիշներով, գիտական առումով ցույց է տրվել, որ այս ամենը հայ գրականության մաս է կազմում։ Նույն ձևի ճարտարապետության մեջ։ Ամեն ինչ ակադեմիական մակարդակով հերքվել են»։
Վարդան Դևրիկյանն ասաց, որ այսօրվա կյանքը ցույց տվեց, որ ինչ-որ տեղ քնել են ակադեմիական բարձունքների վրա, քանի որ աշխարհում հաղորդակցության ձևերը փոխվել են, պետք է նաև ավելի հանրային մակարդակով էլ արվի, ոչ միայն ակադեմիորեն հերքել։ ԳԱԱ Գրականության, Արվեստի, մյուս ինստիտուտները, նրա փոխանցմամբ, փաստարկված, արժանի հակահարվածներ են տալիս, համատեղ հայտարարություններով են հանդես եկել, որոնք հնչել են նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջոցով։
Վարդան Դևրիկյանը նշեց, որ այսօր նաև այլ խնդիր կա։
«Մշակութային պատերազմը սերտորեն շաղկապված է քարտեզագրական պատերազմի հետ, մեկը մյուսին հաղորդակից անոթներ են, փոխադարձաբար լրացնում են իրար։ Վերցնենք տեղանունները։ Այսօր նաև տեղանվանական պատերազմ է գնում, կարևորագույն հարցերից մեկն է ցույց տալ տեղանունների ծագումն ինչպիսին է, դրանց ժողովրդական ստուգաբանությունը։ Այսինքն, եթե տեղանունն ունի ակնհայտ ժողովրդական ծագում, բանականաբար, դա պատկանում է այն ժողովրդին, որի լեզվով այդ պատմությունը ստեղծվել է, քանի որ չես կարող տեղանվանական ժողովրդական ավանդության վրա հիմնված ստուգաբանությունը փոխել այլ լեզվի»,- ասաց նա՝ հավելելով, որ այսօր Գրականության ինստիտուտում մեծ աշխատանք են անում՝ Սյունիքի, Արցախի ժողովրդական տեղանունների վրա են աշխատում, դրանց ստուգաբանությունները, որն ինչ ավանդության հետ է կապված, որտեղից է եկել։
«Կան նաև իմաստային բնույթի թարգմանություններ, որոնք իրենք էլ փորձել են իրենց անունով դարձնել։ Օրինակ, մեր Քարվաճառի Օմարի լեռնանցքը։ Դա Ամուրի լեռնանցքն է։ Ինչպես Ճորա պահակն է եղել, երկրորդ ստրատեգիական կետը եղել է այդ լեռնանցքը և կոչվել է Ամուրի լեռնանցք։ Դա իրենք թուրքացրել են՝ ասելով Օմարի, իբրև այդ լեռնանցքով անցել է մի վաճառական, անունը Օմար է եղել, և դարձել է Օմարի լեռնանցք։ Պետք է ցույց տանք պատմականորեն, մատենագրորեն առաջինը որտեղ է վկայված, որպեսզի հիմնավորես, որ ոչ թե դու ես թարգմանել, այլ իրենք, թուրքական կամ արաբական աղբյուրներում թարգմանված ձևն արդեն երբ է հանդես եկել»,- ասաց գրականագետը։
Վարդան Դևրիկյանը նշեց, որ կարևոր ստրատեգիական նշանակություն ունեն ակադեմիական ինստիտուտները, առավել ևս՝ հումանիտար և հասարակական գիտություններն այսօր գիտությունից ավելի ծառայում են այդ երկրների շահերին, մեր դեպքում ինքնապաշտպանությանն են ծառայում։
«Ադրբեջանն այսօր ուժը զուգակցում է՝ փորձելով գտնել պատմական նախադրյալներ, որոնք չկան, բայց եթե ունես ուժ, փող, ամեն ինչ կարող ես ձեռք բերել։ Չգիտեմ՝ մենք ինչքան ուժ ունենք, նաև ենթադրում եմ՝ փող էլ այնքան շատ չունենք, մեր վերջին մտավոր կապիտալը մեր գիտական աշխարհի ներկայացուցիչներն են։ Մենք կարողանում ենք այդ պայքարը մղել, և, պետք է ասեմ, բավականին հաջող ենք մղում»,- ասաց ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի իշխանությունները կարծես Ալիևի փաստաբանները լինեն. Վարդան Դևրիկյան
- Սկսվում է պատմամշակութային պատերազմ. Վարդան Դևրիկյան
- Դևրիկյան. Աննախադեպ համախմբում էր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան