Ծամոնն ու օրենքը ՔՊ-ական պատգամավոր Ալխաս Ղազարյանի բերանում
«Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանում գործարարությամբ զբաղվելու նպատակով գրանցման գործընթացն առավել դյուրին և հասանելի դարձնելու նպատակով»,-ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում հայտնեց արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը:
Փոխնախարարը զեկուցեց «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը:
Նա նաև հայտնեց, որ փոփոխության կամ լրացման են ենթարկվել որոշակի նորմեր, որոնք պրակտիկայում կարող էին հանգեցնել հակասությունների և տարընթերցումների:
«Գործող կարգավորումներով իրավաբանական անձի լուծարման պետական գրանցման համար ներկայացվում են նաև Դատական դեպարտամենտի և հարկադիր կատարումն ապահովող ծառայության տված տեղեկատվությունները՝ իրավաբանական անձի մասնակցությամբ հարուցված և չավարտված դատական գործերի և վարույթների բացակայության վերաբերյալ: Նախագծի ընդունման դեպքում այդպիսի տեղեկանքներ ներկայացնելու պահանջը հանվում է, որով կրճատվում է համապատասխան ծառայության համար ներկայացվող փաստաթղթերի քանակը, բացի այդ, ապահովվում է Հայաստանի Հանրապետության որդեգրած ծառայությունների մատուցման «մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքը»,-ասաց Արմենուհի Հարությունյանը:
ՔՊ-ական պատգամավոր Ալխաս Ղազարյանն առաջարկեց նախագծում մի քանի անգամ կրկնվող «Համար» բառը երկրորդ դեպքում փոխել «Դեպքում» բառով:
«Որպեսզի տարընթերցման խնդիր չլինի, եթե առաջարկս ընդունելի կլինի, ինձ թվում է հետագայում հետաքրքիր կլինի կարդալը»,-առաջարկեց ՔՊ-ական պատգամավորը:
Դրանից հետո Ալխաս Ղազարյանը մաստակ ծամելով հարակից ելույթ ունենցավ, որն արձանագրեց «24 news»-ի տեսախցիկը:
«Նախագիծը միտված է պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայությունների արդիականացմանը և հասանելիության ապահովմանը յուրաքանչյուր անձի համար, ուստի խնդրում եմ ընդունել»,-ասաց Ղազարյանը:
Նիստին մասնակցող ՔՊ-ական պատգամավորները կողմ քվեարկեցին կառավարության ներկայացրած նախագծին:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին