Գևորգ Դանիելյան. Ստամբուլյան կոնվենցիան միայն անունով է իբր միտված ընտանիքում բռնությունների կանխարգելմանը
Իրավագիտության դոկտոր, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը գրում է.
«44-օրյա ադրբեջանա-թուրքական պատերազմից հետո թուրքիան որոշեց, որ ստամբուլյան կոնվենցիան չեղարկելու ճիշտ «ժամանակն» է (ինչն արվեց 2021 թ. մարտի 19-ին), թեպետ՝ իբր այդ կոնվենցիայի հետևողական ջատագովներից էր: Թուրքիայում հաշվարկեցին, որ այդ փաստաթղթի դեմագոգիկ դերը, այդ թվում՝ արտաքին գործոնի ասպեկտով, ավարտված է, և չարժե, որ ներսում ոմանք հանկարծ այն սկսեն լուրջ ընդունել և կիրառում ակնկալել: Սակայն արտաքին ազդեցության հետագա քայքայիչ ներգործությունը երաշխավորելու խնդիրը դեռ չի սպառվել, և ահա ԵՄ Հայաստանյան ներկայացուցիչը հիշեց կոնվենցիայի գոյության մասին՝ ակնարկելով, թե «ժամանակն է», որ վավերացվի: Իսկ մենք, հաշվի առնելով Երկրի հետպատերազմյան ծանր վիճակը, եզրահանգել էինք, որ տարաբնույթ ապազգային կոնվենցիաներին հակադրվելու «ժամանակը» չէ: Կարծում եմ, որ ժամանակն է չեղարկել Լանզարոտեի կոնվենցիան:
Հ.Գ. Ստամբուլյան կոնվենցիան միայն անունով է իբր միտված ընտանիքում բռնությունների կանխարգելմանը (ի դեպ, Հայաստանում արդեն իսկ գործում է համապատասխան օրենսդրական ակտ), իսկ խորքային նպատակը՝ ընտանիքի հիմքերի աննկատ, բայց հիմնովին խարխլումն է: Այդ կոնվենցիան անգամ ԵԽ անդամ պետությունների մի զգալի հատվածը չի ստորագրել, էլ չեմ ասում՝ վավերացրել»։