«ԳԻՏԻՍ fest»-ում հայ ուսանողները փայլուն խաղացել են «Արյունոտ հարսանիք»
Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտի՝ ГИТИС-ի կողմից կազմակերպված Դիպլոմային ներկայացումների II միջազգային ուսանողական փառատոնին՝ «ГИТИС fest» -ին հայկական թատերախումբը ներկայացրել է Ֆեդերիկո Գարսիա Լորկայի «Արյունոտ հարսանիք» բեմադրությունը։ Հենց այս ներկայացմամբ է փակվել փառատոնը։
Ներկայացման մասին ГИТИС-ի կայքում գրված է. «Ցուցադրությունը փայլուն անցավ»։
Ներկայացման բեմադրող ռեժիսորն է Աբովյանի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Սարգսյանը։
Panorama.am-ի հետ զրույցում նա պատմեց, որ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը մշտական համագործակցության մեջ է ГИТИС-ի հետ։ «ГИТИС fest»-ն առաջին անգամ անցկացվել է 2021-ին օն-լայն ձևաչափով։ Իսկ այս տարի թատերախմբերն արդեն հավաքվել են Մոսկվայում։
«Մենք ուղարկեցինք «Արյունոտ հարսանիք» բեմադրության տեսագրությունը։ Շատ էին հավանել մեր ներկայացումն ու որոշել, որ հենց «Արյունոտ հարսանիք»-ով պետք է փակվի փառատոնը»,- ասաց Ա․ Սարգսյանը։
Ներկայացման մեջ խաղում են և ուսանողներ, և Աբովյանի դրամատիկական թատրոնի դերասաններ։
«Սա յուրօրինակ համագործակցություն է, որը հնարավորություն տվեց ինստիտուտում սովորող ուսանողներին խաղալ պրոֆեսիոնալ բեմում արդեն փորձ ունեցող դերասանների հետ»,- ասաց ռեժիսորը։
Այս ներկայացումը Աբովյանի դրամատիկական թատրոնի խաղացանկում է այս տարվա ամռանից։
Քանի որ փառատոնը ուսանողական է եղել, որոշվել է թատրոնից հանդես եկող մի քանի դերասանի փոխարինել ուսանող դերասաններով։
«Փառատոնի շրջանակում մեր ներկայացումն անցավ լեփ-լեցուն դահլիճում։ Խաղացել ենք հայերեն։ Չնայած նախապես ասված էր, որ պետք է ռուսերեն ենթագրեր լինեն, սակայն մենք որոշեցինք, որ պետք չեն։
Մի քանի շաբաթ առաջ է Աբովյանի թատրոնը վերադարձել Բրեստում կայացած «Բելայա վեժա» միջազգային փառատոնից։ Այնտեղ հասկացանք, որ ենթագրերն ինչ-որ առումով խանգարում էին։ Ներկայացման վերջում հանդիսատեսն ասում էր՝ ձեր ներկայացումն այնքան հետաքրքիր էր, հասկանալի, որ ենթագրերը պետք չէին։ Որոշեցինք, որ «ГИТИС fest»-ի ժամանակ ենթագրեր չանենք։ Ներկայացման ավարտվին պարզվեց, որ որոշումը ճիշտ էր։ Հանդիսատեսի հետ խոսելով՝ հասկացանք, որ թեմային ծանոթ լինելով, վայելել են ներկայացումն ու ամբողջությամբ հասկացել։
Բավականին լավ կարծիքներ հնչեցին։ Դերասաններից մեկին մոտեցել էր մի կին ու ասել որ, դուք թափ տվեցքի ГИТИС -ին։ Նաև ասել էին՝ ենթադրել են, որ հայկական ներկայացումը լավն է լինելու, դրա համար էին փակման համար ընտրել, բայց չէին սպասել, որ այս աստիճանի լավն է լինելու։
Իսկ խմբերի հետ աշխատող կամավորները կռիվ էին անում, թե ով պետք է հենց հայկական թիմի հետ աշխատի։ Ամեն օր մեկը գալիս ու ասում էր՝ ես պետք է աշխատեմ ձեզ հետ»,- պատմեց Ա. Սարգսյանը։
Նա ընդգծեց, որ իրենք շատ լուրջ էին պատրաստվել այս փառատոնին, ամեն ինչ մանրակրկիտ քննարկել էին։
Փառատոնի շրջանակում հայ դերասանները մասնակցել են վարպետության դասերի։ Ռեժիսորի խոսքով, նման փառատոների մասնակցելը շատ կարևոր է նաև փորձի փոխանակման, տարբեր պայմանավորվածություններ ձեռք բերելու առումով։
Արմեն Սարգսյանն ասաց, որ վերջին հինգ տարիներին Աբովյանի դրամատիկական թատրոնը վերածնունդ է ապրում։
«Վերջին երեք ամիսներին երեք միջազգային հարթակներում՝ Բրեստում, Իտալիայում և Մոսկվայում, ելույթներ ենք ունեցել»,- ասաց թատրոնի գեղարվեստական ղեկավարը՝ հայտնելով նաև, որ շուտով կսկսվի թատրոնի կապիտալ վերանորոգումը։
Լուսանկարները՝ gitis.net կայքից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան