ԶՊՄԿ. Վերջին անգամ պոչատարից արտահոսքի դեպք գրանցվել է ավելի քան երկու ամիս առաջ
ԶՊՄԿ-ն հերքում է պոչամբարում վթարի մասին տեղեկատվությունը: Տարածած հաղորդագրության մեջ ասված է.
«Այսօր մամուլում տեղ գտած հրապարակումները ԶՊՄԿ պոչամբարում իբր «պայթյունի» վերաբերյալ ապատեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը։ Պոչամբարի «պայթյուն» ԶՊՄԿ-ում երբեք տեղի չի ունեցել, և վստահ չենք, արդյոք նման լուրեր տարածողները պատկերացնում են, թե ինչ բան է «պոչամբարի պայթյունը» և ինչ հետևանք կարող է ունենալ նման մասշտաբի աղետի մասին կեղծ լուրերի տարածումը Հայաստանում և Հայաստանից դուրս։ Հետևաբար լրատվամիջոցների մեր գործընկերներից ակնկալում ենք նման դեպքերում չնպաստել կեղծիքի տարածմանը և տեղեկատվությունը ճշտել ԶՊՄԿ-ի հետ։ Միշտ պատրաստ ենք տրամադրել իրական պատկերը, ինչը և անում ենք ստորև։
ԶՊՄԿ-ում տարիների ընթացքում մի քանի անգամ տեղի է ունեցել պոչատարից արտահոսքի դեպք։ Վերջին անգամ նման դեպք գրանցվել է ավելի քան երկու ամիս առաջ՝ ս/թ-ի հոկտեմբերի 13-ին։
Օպերատիվ գործողությունների արդյունքում աղտոտման տարածումը կանխվել է։ Արտահոսքի մասին տեղեկացվել են ՀՀ Սյունիքի մարզի Բնապահպանության և Ընդերքի տեսչական մարմնի ներկայացուցիչները։
Նախկինում՝ (2017-2021) պոչատարից տեղի ունեցած վթարների քանակը հինգն են, որոնց դեպքում աղտոտման է ենթարկվել Ողջի գետը և հարուցվել է քրեական գործ (մեկ դեպքում)։
Հարկ ենք համարում նշել, որ նման միջադեպերի խորքային պատճառները՝ ԶՊՄԿ-ում տարիների ընթացքում կուտակված թե' ընթացակարգային, թե' տեխնիկական վերազինման անհրաժեշտության հետ կապված խնդիրն է։ ԶՊՄԿ նոր սեփականատեր ՝ Գեոպրոմայնինգ ընկերությունների խումբը 2021 թ. հոկտեմբերից ստանձնել է ընկերության կառավարումը, հանձնառելով ԶՊՄԿ-ում առկա բնապահպանական, սոցիալական և կառավարչական խնդիրների աստիճանական բացահայտման և լուծման պարտավորություն։
Այժմ իրականացվում է առկա իրավիճակի համապարփակ աուդիտ և գնահատում։ Խնդիրների մասին պարբերաբար կտեղեկացվի հանրությանը՝ ներկայացնելով տարիների կուտակված հարցերի լուծման ռազմավարությունը։
ԶՊՄԿ-ն Հայաստանի տնտեսության հենասյունն է և դրա ներուժը լիարժեք բացահայտելը և օգտագործելը՝ հաշվի առնելով կուտակված խնդիրները, պահանջելու են երկար, հետևողական աշխատանք, զգալի միջոցներ և բոլոր մասնակիցների, այդ թվում՝ ազդակիր համայնքների, կոլեկտիվի, հասարակության և ԶԼՄ-ների համատեղ ջանքերը»։
Հարակից հրապարակումներ`
- Ինգա Զարաֆյան. ԶՊՄԿ-ի շահերը գերադասվում են Հայաստանի բնակիչների առողջությունից, շրջակա միջավայրից
- ԶՊՄԿ-ում գործարանում մշտական հիմունքներով գործում է արտակարգ իրավիճակների շտաբ
- ԶՊՄԿ-ի բաժնետոմսերը կառավարությանը նվիրելու գործարքում կոռուպցիոն ռիսկ կա․ Դանիել Իոաննիսյան
- ԶՊՄԿ-ն գաղտնի որոշմամբ ևս 6.8 տոկոս բաժնետոմսեր է նվիրել կառավարությանը