Ռուսներն ու ուկրաինացիները Անթալիայում մեծ թվով անշարժ գույք են ձեռք բերում
Թուրքիայում շարունակվում է օտարերկրացիների կողմից անշարժ գույքի ձեռքբերումը, ինչը հարուցել է թուրքերի անհանգստությունն ու զայրույթը։
Էրմենիհաբերի փոխանցմամբ, սոցցանցում ձևավորված մի խումբ «Change.org» կայքում նախաձեռնել է ստորագրահավաք օտարերկրացիներին Անթալիայում անշարժ գույքի վաճառքն արգելող օրենք սահմանելու համար։
Կարճ ժամանակում հավաքվել է 10 հազար ստորագրություն։
Անշարժ գույքի շուկայի ներկայացուցիչները, սակայն, կարծում են, որ սա ճիշտ նախաձեռնություն չէ, քանի որ ոլորտը մեծապես օգուտ է քաղել այս ընթացքում։ Միայն հոկտեմբերին Անթալիայում վաճառքի միջին ցուցանիշը կազմել է 33.6%, իսկ Ստամբուլում 10 ամսվա ընթացքում գերազանցել է 10%-ը։
Հաղորդվում է, որ Անթալիայում վարձակալության ոլորտում հիմնական վարձակալներն ուկրաինացիներն ու ռուսներն են։ Մեկ տարվա ընթացքում տների վարձերը թանկացել են 213%-ով, իսկ 2 տարվա ընթացքում՝ 395%-ով։
Ստորարգահավաքին կից գրության մեջ նշվում է, որ նախկինում 5000 լիրա արժողությամբ սենյակներն այժմ ռուսներին վարձակալության են տրվում 10-12․000 լիրայով։
«Նրանք «WhatsApp» հավելվածում ունեն հատուկ խմբեր, որտեղ միայն իրենք են, մեզ (թուրքերին-խմբ․.) չեն ընդունում և շարունակում են այսպես տակնուվրա անել անշարժ գույքի գները։ Արդյունքում տուժում են Թուրքիայի քաղաքացիները, քանի որ նման գներն անհնար են դարձնում թուրքերի կողմից անշարժ գույքի առքը կամ վարձակալությունը»,- ասվում է նախաձեռնող խմբի հայտարարության մեջ։