Քաղաքապետարանը զբաղված է վանդալիզմով
Ամանորյա լուսավորություն ու տոնական զարդարում ապահովելու համար Հանրապետության հրապարակի շենքերի պատերն են ծակում, մեխեր ամրացնում։
Ընդգծեք, որ հրապարակի բոլոր շենքերը ներառված են հատուկ պահանվող հուշարձանների ցանկում։
ՀՀ վաստակավոր ճարտարապետ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Արտակ Ղուլյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ Հանրապետության Հրապարակն ամենաբարձրագույն կարգավիճակ ունեցող հուշարձաններից է, անթույլատրելի է ոչ միայն որևէ զարդաքանդակի, այլ որևէ քարի վնասում։
«Քննարկելու որևէ բան չկա այստեղ, որևէ տրամաբանության չի ենթարկվում այդ ամենը, այդ չափի անտեղյակությո՞ւն կամ կատարողների ինքնագործունեությունն է։ Հազար ու մի ձևեր կան դա անելու առանց ծակելու ու վնասելու։
Ամեն հայ մարդ էլ գիտի, որ չի կարելի վնասել որևէ սրբատաշ քար՝ անկախ խաչքարի բեկոր է, թե սովետական ճարտարապետության հուշարձան»,- ասաց մասնագետը։
Ա.Ղուլյանի խոսքով, այդ միջամտությունը ոչ միայն կթուլացնի կառույցը, այլ զարդաքանդակի տերևների մեջ մեխեր են անցկացնում, արդեն ճաքել է նռան քանդակը. «Դրանք առանց այդ էլ տարիների ընթացքում քայքայված են։ Կրկնում եմ՝ որևէ չնչին միջամտություն անթույլատրելի է, օրենքով պատժելի արարք է հուշարձանը դիտավորյալ կամ անզգուշությամբ վնասելն ու նախնական տեսքը խաթարելը»։
Նա նշեց, որ ծայրահեղ դեպքերում են մեխերով ամրացնում. օրինակ, երբ ավերակ հուշարձանի քարերը հավաքում են, ամրացնելու այլ եղանակ չկա, կոնստրուկտիվ անհրաժեշտ է, անցքեր են անում, մետաղական ամրաններ են տեղադրում, այնուհետև փակում հատուկ ձևով։
«Դա շատ անցանկալի է, իսկ հուշարձանի վրա որևէ միջամտություն չի կարող լինել, այն էլ այսպիսի առիթով։
Պետք է անմիջապես դադարեցնեն, կանխեն»,- ասաց Արտակ Ղուլյանը։
Ճարտարապետ Տիգրան Գալստյանը գրել է. «Մարդ ինչքա՞ն բարբարոս պիտի լինի, որ մի քանի օրվա համար նախատեսված ամանորյա լուսային զարդարանքի համար փչացնի հուշարձան շենքի զարդաքանդակը»։
Այս գրառման տակ ճարտարապետ Արսեն Կարապետյանը դեռ 2011-ի իր մի գրառումն է հիշեցրել.
«Է հետո՞
Քաղաքի կյանքի հետ կապված հարցեր կան, որոնք վեճերի առարկա են, կան հարցեր բարդ, կան գրեթե անլուծելի
Բայց բաներ կան, որոնք ուղեղի մեջ չեն տեղավորվում
Ես չգիտեմ, ինչ պետական մարմին պիտի զբաղվի սենց բաներով, կարող ա քաղաքաշինական քրեական ոստիկանություն կամ ինչու չէ՝ ինկվիզիցիա
Անձամբ ես էս բանը արած մարդուն պատրաստեմ դաժանորեն պատժել
Ոնց կարա մարդու ձեռքը բարձրանա սենց բան անել, Երեւանում թե ուրիշ տեղ, կապ չունի
Թվում է, որ մարդկանց կառուցածը ընկել է հնդեվրոպական մարդ-բանդեռլոգների ձեռքը, որոնք, ի տարբերություն Մաուգլու ժամանակվա պրիմատների, զինված են գործիքներով և կոնդիցիոներներով։
Սա Մոսկովյանի /Օպերայի մոտի/ Արմավիայի օֆիսի կողքի շքամուտքն է, Երեւանի լավագույն շենքերից մեկը՝ Ալեքսանդր Թամանյանի որդի Գեորգիի նախագծած»։
Ճարտարապետ Անուշ Տեր-Մինասյանը գրել է. «Վանդալիզմի սարսափելի դրսևորում: Ես երբեք չեմ ունեցել նախապաշարմունք որևէ ազգության նկատմամբ, բայց երբ լսեցի, որ այս հրեշավոր գործողությունը կատարող բանվորները վրացերեն էին խոսում, իսկույն հիշեցի. "Не мог понять он нашей славы, не мог понять в сей миг кровавый, на что он руку подымал". Թեպետ, երևի, այդքան էլ արդար չէ այդպես մտածելը, որովհետև, ցավոք, մերոնք էլ ձեռք բարձրացնում մեր հուշարձանների վրա: Բայց ինչ էին մտածում հուշարձանների համար պատասխանատու մեր պաշտոնյաները?!! Կամ Ե Երևանի քաղաքապետարանը»։
ԿԳՄՍ նախարարության մամուլի խոսնակ Գեղամ Մելիքբեկյանը Panorama.am-ին ասաց, որ Երևանի քաղաքապետարանը շուտով հանդես կգա հայտարարությամբ։
(Գլխավոր լուսանկարը՝ Տիգրան Գալստյանի ֆեյսբուքյան էջից):
Հարակից հրապարակումներ`
- Գեղամ Նազարյան. Տոնածառն ու Եվրատեսիլն` Ավինյանի ընտրարշավի բաղկացուցիչ մաս
- Ավինյան, սիրուն չի
- Գեղամ Մանուկյան. Սահմանին լարված է, իսկ սրանք միայն տոնածառ են զարդարում
- Ինչ է կատարվում Հանրապետության հրապարակում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան