Գեղամ Նազարյան. Տոնածառն ու Եվրատեսիլն` Ավինյանի ընտրարշավի բաղկացուցիչ մաս
Աժ պատգամավոր, «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Նազարյանն իր հոդվածում գրում է.
«Երեւանի ամանորյա զարդարանքի համար հատկացվել է ավելի քան 650 հազար դոլար: Սա պարզապես թիվ չէ: Սա մեր ամոթն ու խայտառակությունն է: Իհարկե, առաջին հերթին գործող վարչախմբի, բայց նաեւ մեր բոլորի:
650 հազար դոլար տոնական զարդարանքի համար, երբ համայնքներ ունենք, որոնք խմելու ջրի հարցը չեն կարողանում գտնել, քանի որ չեն կարողանում 20 կամ 50, 100 կամ 150 հազար հազար դոլար հայթհայթել:
650 հազար տոնական զարդարանքի համար, երբ մանկատանը երեխաներին մայրություն անող մեր հայրենակիցները բառիս բուն իմաստով ընդամենը լումաներ են ստանում:
650 հազար դոլար, երբ ... Այստեղ թվարկումը կարելի է անդադար շարունակել:
Բնականաբար, կլինի ամենագլխավոր հարցը՝ չուրախանա՞նք, անդադար տխրե՞նք:
Այս հարցը ունի իր կարճ եւ երկար պատասխանը, բայց այն պատասխան ունի: Բանն այն է, որ մենք պետք է մի օր հասկանանք, որ Հայաստանը մեր ընդհանուր տունն է, իսկ տունն ունի իր կանոնները, օրենքները: Հիմա մի դաժան, բայց տեղին հարց եմ տալու բոլոր նրանց, ովքեր ցինիկաբար ասում են՝ բա չուրախանա՞նք, բա չնշե՞նք: Իսկ դուք ձեր տունը, բնակարանը գունագեղ կլուսավորե՞ք ամանորի տոներին ընդառաջ, երբ մի քանի օր առաջ ձեզ հանձնած լինեն ձեր որդու մարմինը, հայրենիքը պաշտպանելիս զոհված ձեր որդու մարմինը: Դուք ձեր տունը, հսկա ծախսեր անելով, կլուսավորեի՞ք, եթե ձեր որդին զոհված լիներ ընդամենը երկու տարի առաջ: Պատասխանեք: Դուք ստիպում եք, որ այսպիսի հարց տամ:
Նորից եմ հարցնում՝ հարյուրավոր դոլարներ կծախսեի՞ք ձեր տունը կամ բնակարանը գեղեցիկ լույսերով զարդարելու համար, եթե ձեր որդին Բաքվի բանտերից մեկում լիներ:
Կարծում եմ ակնհայտ է, որ այս լուսավորությունը չպետք է լիներ, եթե գտնվեինք բարոյահոգեբանական գոնե կիսանորմալ վիճակում:
Գիտեմ, վստահ եմ, որ կասեք՝ իսկ Տոնածառը: Հերոս Արթուրի տանը, նրա 11 եւ 13 տարեկան երեխաներն անցած Նոր տարուն մի փոքր տոնածառ էին դրել: Ընդ որում դրել էին հոր մեծադիր լուսանկարի ներքո: Հուսով եմ հասկացաք, թե ինչ եմ աառաջարկում: Այն տանը, որտեղ երեխաներ կան, Տոնածառը պետք է պարտադիր լինի: Ի վերջո Տոնածառը Կենաց ծառի խորհրդանիշն է:
Աբգարը, Արգամը, Գեւորգը, Դավիթը, Վրեժը, Կարենը, Արամը, Հայկազը, մյուս բոլոր հազարավոր տղերքը շատ են սիրում Նոր տարին: Հերոսների ծնողները չեն կարող դեմ արտահայտվել երկրի գլխավոր Տոնածառի լինելուն, բայց...
Չափի մեջ պետք է ամեն ինչը լինի: Հիմա չափի մեջ չենք, քանի որ այդպես էլ տուն չդարձանք, մեծ համայնք ու հասարակություն չդարձանք: Անտեսանելի մի ուժ մեզ անդադար ստիպում է ատել միմյանց եւ ցինիկանալ ու ցինիկանալ:
Մի անհեթեթ պատճառաբանություն ենք լսում, թե այսքան ճոխ ենք անում, քանի որ Երեւանն ընդունելու է Մանկական Եվրատեսիլը: Թող ընդունի, բայց մի՞թե դրա համար մենք պետք է մոռանանք այն իրողությունները, որոնցում ապրում ենք: Մի՞թե դրա համար աղքատ, խնդիրների մեջ կորած երկիրը պետք է 5 միլիարդ դրամ ծախսի:
Քիչ է մնում մեզ համոզեն, թե ճիշտը նաեւ Վարդավառն էլ Եվրատեսիլի շրջանակներում անցկացնելն է: Նորից եմ կրկնում՝ անցկացրեք, բայց մեզ մի համոզեք, որ Եվրոպայի համար մի աննշան եւ մի քանի երկրների մասնակցությամբ միջոցառումը համաշխարհային մակարդակի իրադարձություն է, որի համար պետք է վնասենք մշակութային արժեք ներկայացնող զարդաքանդակները Հանրապետության հրապարակում:
Ի դեպ, Տոնածառի լույսերն էլ պետք է վառեն ոչ թե մանկական Եվրատեսիլի մասնակիցները, այլ հերոսների զավակները կամ մանկահասակ քույրերն ու եղբայրները: Մի՞թե սա եւս դժվար է հասկանալ:
Իրականությունն այն է, որ Տոնածառը, նրա լույսերը, ստվարաթղթե ամրոցները, քաղաքային գունագեղ լուսավորությունը եւ անգամ Եվրատեսիլը ծառայեցվում է Տիգրան Ավինյանին: Սա Երեւանի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի քարոզարշավի մի մասն է: Ընդամենը: Մի մարդ, եթե որպես ընտրարշավ օգտագործեց Սուրմալուի տոնավաճառի բոցերը, սա կօգտագործի ու կօգտագործի, ու հետո տեսնեմ Հովակիմյան Վահագնը ոնց է համարձակվելու նրան որպես թեկնածու գրանցել այսքան աղաղակող խախտումներից հետո:
Տոնածառ, Եվրատեսիլ, թեկուզ եւ մանկական, հսկայական ծախսեր, իսկ սրան զուգահեռ, որպես ամանորյա նվեր վարչախումբը հունվարի կեսերին սկսելու է հերոս տղերքի այն ծնողների դատավարությունը, որոնք կանգնելով Եռաբլուրում փորձել են արգելել Նիկոլ Փաշինյանի մուտքը, եւ որոնց նկատմամբ ուժ է գործադրվել:
Սրան զուգահեռ լուրեր են տարածում, թե նորաթուխ երիտասարդ գլխավոր դատախազը մտնելու է Ազգային ժողով եւ համաձայնություն է խնդրելու ընդդիմադիր մի քանի պատգամավորների կալանավորման համար:
Լավ, իրո՞ք այս աստիճան չեք սիրում մեր հայրենիքը: Երբ թշնամին գերջանքեր է գործադրում մեզ վերջնականապես կոտրելու համար, մի՞թե խելահեղություն, մեղմ ասած խելահողություն չէ գնալ երկրի ներքին կյանքը ցնցող գործողության:
Մնում է հանրությանը ասեն, թե այս ամենը, եւ իհարկե ԱԺ ընդդիմադիր պատգամավորների հնարավոր կալանավորումները եւ հերոսների ծնողների դատավարություններն իրականացվում են ժողովրդին երջանկացնելու ծրագրի շրջանակներում:
Այսուհանդերձ, դեռ հուսով եմ, որ բանականությունն ամբողջովին չի հեռացել մեր երկրից եւ այս երկրում որոշում կայացնողներից ինչ-որ մեկը վերջապես կհասկանա, որ պետք է հրաժարվել հերոսների ծնողներին դատարան կանչելու մտադրությունից եւ ընդդիմադիր պատգամավորներին կալանավորելու գայթակղությունից»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան