Բրատիսլավայում բացվել է գեղանկարիչ Սուրեն Մեսրոպյանի անհատական ցուցահանդեսը
Բրատիսլավայի Պրիմացիալնի պալատի ցուցասրահում բացվել է սլովակաբնակ գեղանկարիչ Սուրեն Մեսրոպյանի անհատական ցուցահանդեսի, որը կրում է «Սուրբ Ծննդյան նվեր» խորագիրը։
Orer.eu-ի հաղորդմամբ, ցուցահանդեսում ներկայացված են սլովակաբնակ հայ գեղանկարչի վերջին վեց տարիների աշխատանքները, հիմնականում այն կտավները, որոնք ստեղծվել են Բրատիսլավայում։
Ցուցադրված են ինչպես ֆիգուրատիվ, այնպես էլ աբստրակտ աշխատանքներ։ Որոշ նկարներ ընդգրկվել են նկարչի երևանյան շրջանի աշխատանքներից։
Ցուցահանդեսում ներկայացված է 42 աշխատանք։ Ցուցահանդեսի համակարգողն է սլովակ արվեստաբան, պրոֆեսոր Լյուբոսլավ Մոզան։
Ցուցադրությունը բաց է մինչև դեկտեմբերի 4֊ը։
Գեղանկարիչ Սուրեն Մեսրոպյանն արդեն հինգ տարի բնակվում է Սլովակիայում։ Ներկա ցուցադրությունը նրա 4-րդ անհատական ցուցահանդեսն է Բրատիսլավայում։ Նա ցուցահանդեսներ է ունեցել նաև չեխական Օլոմոուցում, մասնակցել է խմբակային ցուցահանդեսների Բրատիսլավայում, Պրախատիցեյում, Սանտ Էլպիդիոյում (Իտալիա)։