Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ոչ մի առնչություն չունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և նրա կարգավիճակի հետ. Արցախի ԱԳՆ
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Վերջին շրջանում կրկին ակտիվացել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավիճակի վերաբերյալ տարատեսակ քննարկումները, մեկնաբանությունները, կարծիքները, ինչն օբյեկտիվ գործընթաց է՝ հաշվի առնելով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում այս հարցի առանցքային բնույթը։
Պաշտոնական Ստեփանակերտը ողջունում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ և համապարփակ լուծմանը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ցանկացած քայլ։ Միևնույն ժամանակ, Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը լիազորված է հայտարարել, որ Արցախի ժողովրդի և իշխանությունների պաշտոնական դիրքորոշումը մնում է անփոփոխ։
Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը, այդ թվում՝ երկու երկրների միջև սահմանների հարցի լուծումը, չի կարող և չպետք է կապված լինի Արցախի Հանրապետության կարգավիճակի հետ։
Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը ոչ մի առնչություն չունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և նրա կարգավիճակի հետ, որը սահմանվել է մեր երկրի ժողովրդի կողմից՝ միջազգային իրավունքի նորմերին, սկզբունքներին և այն ժամանակ գործող խորհրդային օրենսդրությանը ամբողջական և խիստ համապատասխանությամբ»։