ՔՊ-ն ջնջել է «Արցախի Հանրապետություն» բառակապակցությունն ու գրել «Ղարաբաղի հայություն». Սաղաթելյան
«Ընդդիմությունն այսօր հրավիրել է արտահերթ նիստ մեր օրակարգով, որի նպատակն է Հայաստանի Ազգային ժողովը հանդես գա հայտարարությամբ՝ դատապարտելով Ադրբեջանի խորհրդարանի հայտարարությունը, ինչպես նաև մի շարք հարցերով տա հիմնական գնահատականները»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
Նա նշեց, որ իրենց պատրաստած հայտարարությունը երեք հիմնական սկզբունքի վրա է հիմնված. «Առաջին, հայտարարության մեջ հստակ նշվում է Արցախի ինքնորոշման իրավունքի, կարգավիճակի, ինչպես նաև Հայաստանի հանձնառության մասին: Հայտարարության տեքստը ներկայացվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը, իրենք ներկայացրել են իրենց առաջարկությունները:
Իրենց առաջարկության մեջ ջնջել են «Արցախի Հանրապետություն» բառակապակցությունը, դրա փոխարեն ավելացրել են «Ղարաբաղի հայություն»: Որտեղ կա ինքնորոշման իրավունքի իրացում, ջնջել են, ինչպես նաև Հայաստանի հանձնառության մասը»։
Ի.Սաղաթելյանը նշեց, որ ՔՊ-ն հայտարարության բուն տեքստն ամբողջությամբ աղավաղել է:
«Ստացվում է՝ Ֆրանսիայի ԱԺ-ն և Սենատը հանդես են գալիս հայտարարությամբ, Արցախի խորհրդարանը հանդես է գալիս հայտարարությամբ, իսկ Հայաստանի ԱԺ-ն հրաժարվում է նման հայտարարությամբ հանդես գալուց»,-ասաց նա։
Իշխան Սաղաթելյանն ընդգծեց, որ հայտարարության մեջ որևէ քաղաքական գնահատական չկա, բացառապես այն վերաբերում է Արցախին և Հայաստանին:
«Եվս մեկ փաստ, ապացույց, որ այս իշխանությունը հեռացել է սպասարկելու Հայաստան և Արցախի շահերը, ինքն իր այս քաղաքականությամբ շարունակում է սպասարկել Թուրքիայի և Ադրբեջանի ազգային շահերը։ Ուրիշ որևէ բացատարություն այս պահվածքի մեջ չկա»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Նրա խոսքով, այս իշխանության հետ որևէ ճանապարհ չկա գնալու, որ այս իշխանության հետ ունենալու են նոր պատերազմ և նոր կապիտուլյացիա. «Եթե մի ժամանակ ասում էինք՝ կամ նոր կապիտուլյացիա, կամ նոր պատերազմ, հիմա երկուսը միաժամանակ»։
Հարակից հրապարակումներ`
- Սաղաթելյան. Հերս ինձ ասել է՝ տղա ջան, այս պայքարից հետ կանգնել չկա, մեր տան հարսներն էլ են պատրաստ նստելու
- Համարձակություն ունեցե՛ք, փաստաթուղթ բերե՛ք, որ ՀՀ-ն ճանաչում է Արցախի Հանրապետությունը. Հովիկ Աղազարյան
- Ընդդիմադիր պատգամավորը հրավիրում է փորձագետների ուշադրությունը
- Մենք՝ որպես ՀՀ-ի իշխանություն, չենք կարող ընդունել նման ռիսկեր պարունակող հայտարարություն. Էդուարդ Աղաջանյան
- Սա մեր հավաքական պատասխանը կլինի Ալիևի հռետորաբանությանը. Անդրանիկ Թևանյան
- ՔՊ-ն կմասնակցի ընդդիմադիրների նախաձեռնած արտահերթ նիստին
- Ընդդիմադիրների առաջարկով ԱԺ արտահերթ նիստ կգումարվի