Գնաճն ամենուր է. ֆրանսիացիները նախատեսում են Սուրբ Ծննդյան տոներին ավելի քիչ նվերներ գնել
Պարենային ապրանքների գների աճի, ինչպես նաև էլեկտրաէներգիայի թանկացման ֆոնին շատ ֆրանսիացիներ ոչ միայն ստիպված են հրաժարվել սովորական մթերքներից, այլև նախատեսում են Սուրբ Ծնունդին ավելի քիչ նվերներ գնել։ Այս մասին «Ռիա Նովոստի»-թղթակցին ասել են Փարիզի բնակիչները։
Այս օրերին Փարիզի հյուսիսում գտնվող մետրոյի կայարաններից մեկի մոտ մարդաշատ է. այստեղ են գտնվում հիմնական մրցակից մանրածախ առևտի խանութները՝ Աշան (Auchan), Քարֆուր (Carrefour) և Lidl (Lidl):Թեև այս խանութներում գները նույն մակարդակի վրա են, բայց տեսնում ես, թե ինչպես են փարիզցիները թողնում մի խանութն ու գնում մյուսը՝ ավելի շահավետ առաջարկների որոնման համար:
Փարիզի բնակիչները միաձայն նշում են, որ գրեթե բոլոր ապրանքների գները թանկացել են։ Կաթոլիկների համար տարվա գլխավոր տոնի՝ Սուրբ Ծնունդի նախօրեին գնորդների դեմքերն ամենևին էլ ուրախ չեն, խանութներից դուրս գալիս նրանք ավելի են խոժոռվում, երբ կրկին ստուգում են կտրոնները։
«Մենք փորձում էինք գտնել ամենաէժան խանութը։ Նույնիսկ այն փոքր նպաստը, որը մենք ստանում ենք երեխաների համար, բավարար չէ նվերներ գնելու համար: Մենք չենք կարողանում գլուխ հանել»,- ասել է ֆրանսուհի Օդրին։
Նա նշել է, որ մի շարք ապրանքներ իրենց համար անհասանելի են դարձել, թեև երբեմն դրանք, այնուամենայնիվ, ստիպված են լինում գնել։
«Օրինակ՝ ձուն։ Նախկինում մենք այն գնել ենք երկու եվրոյով, բայց հիմա արժե հինգ եվրո։ Բացի այդ, մենք այլևս թանկ ապրանքներ չենք վերցնում, ինչպես ձիթապտղի յուղը կամ հյութը։ Ամեն ինչ թանկացել է, սա աղետ է», - ասել է նա։
Ուսանողուհի Միլենն էլ ասել է, որ հիմա ավելի զգույշ է գնումներ կատարում։ «Ամենևին էլ հաճելի չէ ավելի շատ վճարել, մինչդեռ դու գնում ես այն ամենը, ինչ նախկինում։ Ամենապարզ օրինակը հացն է։ Նախկինում այն արժեր 80 ցենտ, իսկ հիմա՝ 1 եվրո 30 ցենտ»,- ընդգծել է նա։
45-ամյա Սառայի խոսքով էլ՝ իր ընտանիքում, որտեղ երկու երեխա կա, սննդի ծախսերը ամսական 700 եվրոյից հասել են 1000 եվրոյի։
«Ամեն ինչ շատ թանկ է։ Ես մի շարք ապրանքներ այլևս չեմ գնում՝ ձուկ, երեխաների համար մրգային խյուս, մյուսլի, հյութ։ Հիմա ես ծախսել եմ 24 եվրո և ոչինչ չեմ գնել։ Խելագարվել կարելի է»,- դժգոհել է նա։
Ոմանք խոստովանել են, որ այլևս չեն կարող իրենց թույլ տալ ինչ-որ բան գնել «ուղղակի հաճույքի համար»: Lidl խանութից կիսադատարկ սայլակով դուրս եկած Լինդան պատմել է, որ իր ծանոթներից շատերն արդեն նեղ վիճակում են, նույնիսկ միս չեն գնում։
«Ես չեմ կարծում, որ գնաճը կնվազի։ Հսկայական տարբերություն կա իշխանությունների ասածի և իրականում արածի միջև։ Մենք միշտ սպասում ենք «անակնկալների»։ Կարծում եմ, որ մենք ստիպված կլինենք ընտելանալ նման գներին, բայց մարդկանց համար դա շատ, շատ դժվար է»,- ավելացրել է նա:
Փարիզցիները նշել են, որ այս տարվա Սուրբ Ծննդյան սեղանը «նույնը չի լինելու», քանի որ ստիպված են լինելու հրաժարվել ոչ միայն տոնական սեղանին դրվող սովորական ուտելիքներից, այլև նվերներից։
Ֆրանսիայի իշխանությունները խոստանում են, որ գնաճը, որը միջին հաշվով աշնանը կազմել է 6,2%, հունվարին կդանդաղի։ Ըստ վերլուծաբանների՝ նոյեմբերի վերջին Ֆրանսիայում պարենային ապրանքների գնաճը կազմել է 12%: Թեև իշխանությունները խոստանում են, սակայն մարնածախ առևտրով զբաղվողները հայտնել են, որ արտադրողներ հայտնել են 2023 թվականից ապրանքների գների բարձրացման մասին, մասնավորապես, ևս 7% մակարոնեղենի 10% հավի մսի, 26% կոնֆետի և մինչև 30% գազավորված ըմպելիքների համար։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին