Մեկ ձեռքով նրբագույն ժանյակներ գործող Լեռնուհին նոր պրոթեզներ ունի
«Հայ ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամը ներկայացրել է Լեռնուհի Իսոյանի պատմությունը, որը ամիսներ առաջ ընկել է, պրոթեզները ջարդել, բայց այսօր «Փյունիկ» միություն աջակցությամբ արդեն նոր պրոթեզներ ունի։
««Ա՛յ սենց՝ սովորական շիշը, տակը ճղել ե՜մ, բերանը կտրել-դրել ե՜մ, մի հատ ամուր կապել ե՜մ՝ թելով, էս էլ․․․ (իր միակ՝ ձախ ձեռքով, չարչարվում է, որ շշի միջից հանի «էս էլ»-ը ) հեղուկի աման ա, էս էլ մտցրել եմ մեջը՜, ըհը (կտրված աջ ձեռքի մնացորդը տեղավորում է ինքնաշեն «պրոթեզի» մեջ), սենց դնում եմ ու ազատ քայլում եմ։ («Պոթեզի» ներքևի մասից ամրացրած սև էլաստիկ կտորը դեպի ուս ետ ծալելով՝ ծածկում է իր հնարամտության գլուխգործոցը՝ կանաչասպիտակ պլաստիկե կոնստրուկցիան, ու եզրափակում է)․ սա էլ դիզայնն ա»։
Լեռնուհին, ցուցադրությունն ավարտելով, նայում է օբյկտիվին ու մեզ շնորհում իր ժպիտը․․․ Լեռնուհու ժպիտը բառերով նկարագրել չի լինի։
Լեռնուհի Իսոյանն իր խնդիրները բարձրաձայնել չի սիրում։ Չի սիրում նաև տարածել իր պատմությունը, և ես՝ նրանից քարտ-բլանշ ստացած երես առածս, նրա ընկերը կոչվելու և իր հզոր ուժը մեր ընկճված հանրությանը ներկայացնելու անվերապահ թույլտվություն ստացած մեկս, հիմա ինձ զգում եմ այնպես, ինչպես երևի կզգար Պապի հետ անձնական տեսակցության շտապող ջերմեռանդ կաթոլիկը։
Լեռնուհին առաջին և միակ անգամ պրոթեզավորվել է 2000 թ․ Ստեփանակերտում, շնորհիվ դրա կարողացել է աշխատել Բերձորի, Վակունիսի և Կովսականի դպրոցների գրադարաններում, կարել և գործել է։
6 ամիս առաջ ընկել է, պրոթեզները ջարդվել են, ինքը, բարեբախտաբար, կապտուկներով է պրծել։ Աստծու տված 4 վերջույթից միայն մեկ ձեռքով ապրող ու արարող այս փխրուն կինն իր խնդիրներով չի ուզում այլոց ծանրաբեռնել։ Այստեղից էլ՝ ինքնաշեն պրոթեզը․․․
․․․ Պրոբլեմի մասին իմացա պատահաբար և իսկույն (քարտ-բլանշ ունեմ, չէ՞) ֆեյսբուքում գրեցի։ Բանն այն է, որ Արցախից տեղահանված, հաշմանդամություն ունեցող անձանց համար ՀՀ առողջապահության համակարգն արտոնություն է սահմանել ընդամենը տարի։
Ընդունված կարգի համաձայն՝ պետք է դիմել Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարին (Լեռնուհին 2020-ի պատերազմի ժամանակ շտապ բռնահանվել է Քաշաթաղից), ներկայացնել փաստաթղթերը, ապա սպասել, մինչև Արցախից հայտ ներկայացվի Հայաստանի Հանրապետության ԱՆ, սա էլ իր հերթին որոշում կկայացնի ու պրոթեզավորման արտոնություն տա։
Դիմեցինք։
Իսկ մինչ այդ՝ ֆեյսբուքյան SOS՝ կարեկից ու զորեղ մարդկանց արձագանքի ակնկալիքով։
․․․ «Հայաստանի հաշմանդամություն ունեցող անձանց ՓՅՈՒՆԻԿ միություն» բհկ-ի նախագահ Հակոբ Աբրահամյանի լակոնիկ արձագանքը ստացվեց նույն օրն իսկ՝ «Վաղը բեր, սարքենք»։
Եվ ահա, Լեռնուհու հետ «Փյունիկում» ենք՝ նվիրյալ անձնակազմի հոգատար ձեռքերում։
Հակոբի շատ բան տեսած աչքերը ներողամիտ ջերմ ժպիտից փայլում են, երբ Լեռնուհին ներկայացնում է պրոթեզաշինության իր գլուխգործոցը։ Լեռնուհու ու Հակոբի ժպիտները․․․ Բառերով չես նկարագրի, ինքներդ տեսեք ֆոտոշարքում։
Եվ մինչ barry վերականգնողական կենտրոնի հմուտ պրոթեզիստ Տիգրան Դուրգարյանն աշխատում է Լեռնուհու նոր ձեռքի վրա, գերմանական նոր ծնկներով կենդանություն է հաղորդում անցյալ հազարամյակից առ այսօր քայլած բրածո ոտքերին, Հակոբը վերականգնողական կենտրոնից Լեռնուհուն առաջնորդում է դեպի «Փյունիկի» սպորտդահլիճ, որտեղ մարզվում են աննկուն հոգով խիզախ մարդիկ։ Էքսկուրսիան պատահական չէ․ Հակոբը հարցն ուղիղ է դնում՝ Լեռնուհուն դիմելով․ «Սկավառակի նետումով կզբաղվե՞ս»։ Լեռնուհին՝ մի պահ հապաղելուց հետո․ «Ախր սպորտից ուժեղ չեմ, է․․․»։
Օ, աստվածնե՜ր, և սա ասում է միակ՝ ձախ ձեռքով նրբագույն ժանյակներ գործող այս կինը, որի համար անհնար ոչինչ չկա․․․ Հակոբը դարձյալ ժպտում է իր հուսադրող տաք ժպիտով։
․․․ «Փյունիկից» դուրս եկանք, երբ արդեն մթնել էր։ Լեռնուհին քայլելով, ինքնուրույն իջավ ու մեքենա նստեց։ Ու մեքենայից ինձ մեկնեց անգին նվերը՝ իր գործած նախշուն բռնիչները․ «Նվիրիր՝ ում կուզես»։
Կարծեմ՝ սկավառակի նետման ապագա չեմպիոնից էի նվեր ստանում»,- գրում է «Հայ ձմեռ պապ»-ը՝ ներկայացնելով Լեռնուհու պատմությունը։
Նշենք, որ Լեռնուհի Իսոյանը մեծ կամքի տեր անձնավորություն է, որը չի հուսահատվում, միշտ պայքարում է և ժպիտը դեմքին հաղթահարում բոլոր դժվարությունները։ Ավելի, նրան չի խանգարում անգամ հաշմանդամությունը, գործում և ասեղնագործում է մեկ ձեռքով։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան