Ադրբեջանի սադրանքները հանդիսանում են տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման հիմնական խոչընդոտը. Միրզոյանը՝ Ռիքերի հետ հանդիպմանը
Դեկտեմբերի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերին։
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին առնչվող վերջին զարգացումները:
Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից ուժի և ուժի սպառնալիքի կիրառման դրսևորումները, շարունակական սադրանքները և ռազմատենչ հայտարարությունները հանդիսանում են տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման հիմնական խոչընդոտը:
Մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության երաշխիքների ապահովման, ինչպես նաև Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների միջազգային մեխանիզմի ստեղծման վերաբերյալ:
Արարատ Միրզոյանը և Ֆիլիպ Ռիքերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի, ինչպես նաև տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ:
Անդրադառնալով տարածաշրջանի անվտանգային մարտահրավերներին՝ ՀՀ ԱԳ նախարարն առանձնահատուկ շեշտել է ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիաների հետևանքների վերացման և Ադրբեջանի զինված ուժերի՝ ՀՀ ինքնիշխան տարածքից դուրսբերման հրամայականը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան