Արցախի ԱԳՆ. Այս ահաբեկչական քայլը նաև խարխլում է Լաչինի միջանցքի վերաբերյալ միջազգայնորեն ձեռքբերված պայմանավորվածությունը
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«Դեկտեմբերի 3-ի կեսօրին ադրբեջանական կողմը դիմել է հերթական սադրանքին՝ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում փակել է Ստեփանակերտ-Գորիս մայրուղին՝ այդպիսով կտրելով Արցախի կապը Հայաստանի հետ և հաղորդակցությունը Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի գյուղերի հետ:
Այս անմարդկային արարքը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Արցախը հայաթափելու, այնտեղ էթնիկ զտումներ և ցեղասպանություն իրականացնելու Ադրբեջանի գերնպատակը մնացել է անփոփոխ:
Այս ահաբեկչական քայլը նաև խարխլում է Լաչինի միջանցքի վերաբերյալ միջազգայնորեն ձեռքբերված պայմանավորվածությունը և նենգ հարված է հասցնում տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովող Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելությանը:
Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունն ու գործողությունները լուրջ մարտահրավեր են քաղաքակիրթ աշխարհին և ակնհայտ անհարգալից ու արհամարհական վերաբերմունք՝ միջազգային իրավունքի նկատմամբ:
Կոչ ենք անում միջազգային հանրությանը խստորեն դատապարտել Ադրբեջանի պետական հայատյաց քաղաքականությունը և գործուն քայլեր ձեռնարկել՝ սանձելու ագրեսորին»։
Հարակից հրապարակումներ`
- Էդգար Էլբակյան. Լուծումը մեկն է
- Արցախը Հայաստանին կապող միակ մայրուղին երկկողմանի բաց է
- ՌԴ խաղաղապահները բանակցում են ադրբեջանական կողմի հետ Արցախ-Հայաստան ճանապարհը բացելու հարցով
- Արտակ Բեգլարյան. Ադրբեջանի գործողություններն ուղղված են ռուս խաղաղապահների ու Արցախի բնակչության դեմ
- Մի խումբ ադրբեջանցիներ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին