Դատախազը հանձնարարել է ամեն գնով հասնել Ինտերպոլի կողմից Մինասյանի հետախուզումը վերականգնելուն
Panorama.am-ի՝ դատախազության աղբյուրների փոխանցմամբ, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դատախազին և քննիչներին հանձնարարել է ամեն գնով հասնել Ինտերպոլի կողմից Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան, ՀՀ երրորդ նախագահի փեսա Միքայել Մինասյանի նկատմամբ չեղարկված հետախուզումը վերականգնելուն։
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Դատախազության և քննչական մարմնի աշխատակիցները, չգտնելով որևէ լուծում բողոքարկելու կամ չեղարկելու Ինտերպոլի հանձնաժողովի՝ Մինասյանի հետախուզումը դադարեցնելու վերաբերյալ որոշումը, որոշել են նոր մեղադրանք առաջադրել Մինասյանին և ՀՀ ոստիկանության Ինտերբելի ԱԿԲ բաժնի միջոցով այն ուղարկել Ինտերպոլ՝ պահանջելով Մինասյանի վերաբերյալ հայտարարել նոր հետախուզում։
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Ինտեպոլի համապատասխան հանձնաժողովը որոշել է դադարեցնել Միքայել Մինասյանի նկատմամբ Հայաստանի Հանրապետության պահանջով հայտարարված հետախուզումը։ Այս փաստը բուռն դժգություն էր առաջացրել Նիկոլ Փաշինյանի և իշխանական շրջանակների մոտ, և անգամ հրահանգ էր իջեցվել քրեական վարույթ նախաձեռնել նշված բացթողումը թույլ տված պաշտոնատար անձանց դեմ:
Դատախազության մեր աղբյուրները պնդում են, որ Գլխավոր դատախազ նշանակվելուց հետո Աննա Վարդապետյանը Նիկոլ Փաշինյանին իր հավատարմությունն ապացուցելու և նրա վստահությունն արդարացնելու համար ոչինչ չի խնայելու հատկապես այս գործով և ամեն ինչ անելու է Փաշինյանի քաղաքական հակառակորդ Միքայել Մինասյանի նկատմամբ Ինտերպոլի կողմից նոր հետախուզում կորզելու համար: