ՄԻՊ. Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված դաժանությունները հիմնավորում են գենդերային ատելության հիմքով բռնության ծայրահեղ վտանգավոր բնույթը
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակի» ամենամյա միջազգային քարոզարշավի շրջանակներում անդրադարձել է ադրբեջանական զինուժի կողմից հայ կին զինծառայողների նկատմամբ բռնությունների ու նվաստացումների դեպքերին:
«Այս տարվա սեպտեմբեր ամսին Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական հարձակման ընթացքում հայ կին զինծառայողների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացրած բռնության, նվաստացումների ու առանձնահատուկ դաժան վերաբերմունքի դեպքերը՝ պայմանավորված զինծառայողների ազգությամբ և սեռով, խիստ դատապարտելի են: Դրանք պետք է արժանան օբյեկտիվ քննության ու հանգեցնեն համարժեք պատիժների:
Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված դաժանությունները հիմնավորում են գենդերային ատելության հիմքով բռնության ծայրահեղ վտանգավոր բնույթը՝ հատկապես միջազգային զինված հակամարտությունների ընթացքում։
Առանձնապես մտահոգիչ է, որ սեռով ու էթնիկ պատկանելիությամբ պայմանավորված ատելության հանցագործությունների մասին լուրերը հավանության ու խրախուսման էին արժանանում ադրբեջանցի հազարավոր իրական օգտատերերի կողմից այս տարվա սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ սանձազերծված ռազմական հարձակման ընթացքում և դրանից հետո։
Մեղավորներին չպատժելու և հանրային նման վերաբերմունքի դեմ պետությունների կողմից անկեղծ ջանքերի չձեռնարկելու գործելակերպերը միայն ամրապնդելու են գենդերային ու էթնիկ ատելության հիմքով կատարված ցանկացած հանցավոր անձի անպատժելիության զգացողությունը՝ անկախ նրանից, թե ինչ ազգություն ունեն զոհերը»,-գրել է ՄԻՊ-ը։
Հարակից հրապարակումներ`
- ՀԿ-ներ. Հայ կին զինծառայողների նկատմամբ հատուկ սարսափելի վերաբերմունքը որակվում է որպես ամենածանր գենդերային բռնություն
- Կին զինծառայողների մարմինների խոշտանգումը կատարվել է ոչ միայն ազգային, այլև գենդերային ատելության շարժառիթով. ՄԻՊ զեկույց
- Բացառիկ խիզախները. Անմահ կին զինծառայողներն ու աշխարհազորայինները
- Նույն տեսանյութում ադրբեջաներով նշում են, որ սպանել են ևս 2 կին զինծառայողի և ցուցադրում են նրանցից մեկի խոշտանգված դին
- ԶՈւ ԳՇ պետ. Ադրբեջանցի զինծառայողները կտրել են հայ կին զինծառայողի ոտքերը, մատերը