Փաշինյանին պատմել են ձկնաբուծարանների ու բնություն բաց թողնված ազնվացեղ եղջերուների մասին
Նիկոլ Փաշինյանն այցելել է Շրջակա միջավայրի նախարարություն՝ գերատեսչության 2022թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով։
Նախարարությունից հայտնում են՝ նախ անդրադարձ է կատարվել ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում իրականացված աշխատանքներին:
Զեկուցվել է, որ 2024 թվականից ներդրվելու է ձկնաբուծարաններում ջրի փակ շրջանառու համակարգով գործունեություն իրականացնելու պարտադիր պահանջ: Ներկայումս գործող ավելի քան 1000 ձկնաբուծարանների մոտ 20-25%-ն է աշխատում ջրի վերադարձի համակարգով: 2024 թվականից ներդրվելու է նաև տվյալների առցանց փոխանցմամբ, մակերևութային և ստորերկրյա ջրօգտագործման, այդ թվում՝ էկոլոգիական թողքի հաշվառման պահանջ: 2022 թվականի ընթացքում տեղադրվել և կնքվել է 25 ավտոմատ կառավարման առցանց ջրաչափական համակարգ:
Նշվել է, որ 2020-2021թթ. իրականացվել է Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների (խորքային հոր) փաստացի վիճակի ուսումնասիրություն, որի հիման վրա այս տարի արգելվել է Արարատյան դաշտում նոր հորատանցքերի միջոցով, իսկ ձկնաբուծական նպատակներով՝ նաև գործող հորատանցքերի միջոցով, նոր ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումը, եթե ջրավազանային կառավարման պլաններով այլ բան նախատեսված չէ:
Մշակման փուլում է պոլիէթիլենային տոպրակների վաճառքն արգելող օրինագիծը: Այս համատեքստում, կարևորվել է ոչ միայն վաճառքի արգելումը, այլ նաև Հայաստանում դրանց արտադրության և մեր երկիր վերջիններիս ներմուծման արգելման ուղղությամբ քայլերի իրականացումը:
Նախարարության փոխանցմամբ, զեկուցվել է, որ «Դիլիջան» ազգային պարկի եղջերուների բազմացման կենտրոնից բնություն է բաց թողնվել ազնվացեղ եղջերուների առաջին խմբաքանակը: Արդյունքում՝ բնության մեջ անհետացած համարվող կենդանին այլևս վերադարձել է իր բնական ապրելավայր:
Սևանա լճի հիմնախնդիրների կարգավորման միջոցառումների շրջանակում շարունակվում է միջոցառումների իրականացումը: Մասնավորապես, դրանց շրջանակում իրականացվում են՝ դեպի լիճ կեղտաջրերի հոսքի կանխարգելման, կեղտաջրերի այլընտրանքային մաքրման ապահովման, կանոնավոր աղբահանության ապահովման, Սևանա լճի մոնիթորինգի համակարգի վերազինման և կարողությունների բարելավման, Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, «Սևան» ազգային պարկի կառավարման պլանի մշակման միջոցառումները:
2022 թվականից տարեկան 2 անգամ Սևանա լճում և նրա ջրահավաք ավազանում իրականացվում է ձկան և խեցգետնի պաշարների հաշվառում: Վերջնական հաշվետվությունը կներկայացվի միչև դեկտեմբերի 15-ը, ինչն էլ հիմք կհանդիսանա հաջորդ տարվա արդյունագործական ձկնորսության չափաքանակների սահմանման համար: Տեղեկացվել է, որ ընթացիկ տարվա ընթացքում Սևանա լիճ է բաց թողնվել 15 500 հատ ամառային իշխան, 163 000 հատ գեղարքունի իշխան:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան