Արվեստի աշխարհի հարյուր ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում նաև Լարի Գագոսյանն է
ArtReview-ն հրապարակել է արվեստի աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց ամենամյա ցուցակը՝ ArtReview Power 100:
artguide.com-ի հաղորդմամբ, խմբագրությունը նշում է, որ երկու տարվա կորոնավիրուսից, գլոբալ կարանտինից, ճանապարհորդությունների սահմանափակումներից, հետաձգված կամ չեղարկված ցուցահանդեսներից, տոնավաճառներից և բիենալեներից հետո, «իրական կյանքը» հաղթականորեն վերադարձել է 2022 թվականին։
Նոր ցանկն արտացոլում է արվեստը գնահատելու տարբեր ձևեր, տարբեր պատկերացումներ դրա նպատակի և այն մասին, թե ինչ կարող է կամ պետք է անի արվեստը:
Ցուցակում առաջին անգամ առաջատարը ոչ թե «Գլոբալ հյուսիսի» ներկայացուցիչն է կամ որևէ անվիճելի գործիչ, այլ ինդոնեզական արվեստի կոլեկտիվ ruangrupa-ն՝ documenta-ի համադրողներ։
Երկրորդ տեղը զբաղեցրել է Վենետիկի 59-րդ բիենալեի համադրող Չեչիլիա Ալեմանին։ 2021 թվականին ցուցակի առաջին տեղը զբաղեցրած NFT-ը չի հայտնվել նոր «ամենաազդեցիկ» ցուցակում՝ կրիպտոարժույթների փլուզումից հետո:
ArtReview Power 100-ի լավագույն հնգյակը 2022 թվականին ունի հետևյալ տեսքը.
1. ruangrupa-ն գեղարվեստական կոլեկտիվ է Ջակարտայից, documenta 15-ի գեղարվեստական ղեկավար
2. Չեչիլիա Ալեմանի - Վենետիկի 59-րդ բիենալեի գեղարվեստական ղեկավար
3. Unions - նկարիչների և թանգարանների աշխատողների արհմիություն
4.Հիտո Շտայերլ - նկարիչ, քաղաքական հայտարարությունների և ֆորմալ փորձերի հեղինակ
5. Ֆրեդ Մոտեն- ամերիկացի բանաստեղծ, քննադատ և արվեստի տեսաբան է։
Ցուցակի 20-րդ հորիզոնականում է ամերիկահայ արտ-դիլեր և գալերիստ Լարի Գագոսյանը։ Նրան պատկանող Գագոսյան պատկերասրահների ցանցը ժամանակակից արվեստի պատկերասրահների շարքում ամենամեծն է։ Լ. Գագոսյանը համարվում է աշխարհի «N 1 արտ դիլերը»։
ArtReview Power 100-ի ամբողջական ցանկը կարելի է գտնել ArtReview կայքում:
Հարակից հրապարակումներ`
- Ուորհոլի Մոնրոյի հայտնի դիմանկարը գնել է աշխարհում ամենահայտնի արտ-դիլեր Լարի Գագոսյանը
- Art շուկայի թագավոր Լարի Գագոսյանը ճանաչվել է արվեստի աշխարհում ամենաազդեցիկ մարդը