Կարեն Վրթանեսյան. Նիկոլը հրահրեց ընդդիմությանը փողոց դուրս գալու
Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է.
«Դեռ մարտ-ապրիլին, երբ ընդդիմադիր զանազան ճամբարներում քննարկում էին փողոց-դուրս-գալ-չգալ-ինչպես-դուրս-գալը, միշտ ասել եմ, որ պատրաստ չեն ու ահռելի ռեսուրս է ծախսվելու հաղթանակի շատ փոքր հավանականությամբ։ Ոմանք ինձ մեղադրում էին, որ ես չափից ավելի հոռետես եմ ու չեմ հասկանում պայքարի մեխանիզմները և այլն, և այլն։ [Խնդալու է, որ նրանք, ովքեր ինձ այն ժամանակ համոզում էին, թե ամեն ինչ լավ է լինելու, կես տարի անց նույն վստահությամբ պնդում էին, թե. «Մենք սկզբից էլ ասում էինք, որ էդպես չի ստացվի» :)]
Լավ հասկանալով, որ ընդդիմությունը պատրաստ չէ՝ Նիկոլը հրահրեց ընդդիմությանը փողոց դուրս գալու։ Անկեղծանալ՝ անկեղծանալ է, մինչև վերջ ասենք։
Իհարկե, այնպես չէ, որ ընդդիմությունն ընդհանրապես շանս չուներ ու այնպես էլ չէ, թե Նիկոլի հաշվարկները միշտ ճիշտ են լինում։ Բայց այս դեպքում նա ընդդիմությանը հաջողությամբ ներքաշեց մարտի մեջ, որին վերջինս պատրաստ չէր։
* * *
Ապրիլ-մայիսին փողոցում ինձ ծանոթ և անծանոթ մարդիկ հարցնում էին, թե «Հը՞ն, ինչով կվերջանա» ու ես միշտ անկեղծ պատասխանել եմ, որ առանձնապես հույս չունեմ, բայց սա գործընթացներ են, որոնցից խուսափել չի ստացվի, որովհետև եթե մտել ես կռվի մեջ, պիտի կռվես։ Պիտի անցնենք սրանով ու դասեր քաղենք։ Այս գրառումը կարդացողներից շատերը կարող են հաստատել, որ ոչ մեկին սին հույսեր չեմ տվել ու եղել է այնպես, ինչպես զգուշացնում էի։
* * *
Ինչքանով որ խելքս կտրում է, թե՛ մարտին, թե՛ հիմա ընդդիմության տարբեր խմբեր այդպես էլ չեն տիրապետում Նիկոլի ստեղծած համակարգերի մասին ամբողջ ինֆորմացիային, չունեն լիարժեք պատկերացում, թե ինչի հետ գործ ունեն։
Նիկոլն ընդդիմության մասին բավականին լավ պատկերացում ունի։
Ընդդիմությունը շատ վատ պատկերացում ունի նաև իր ռեսուրսների մասին, քանի որ, նախ՝ պառակտված է, երկրորդը՝ դեռևս չի կարողանում կառուցել կոմունիկացիա պոտենցիալ աջակիցների հետ, հակառակը՝ կորցնում է աջակիցների։
Նիկոլն իր ռեսուրսների մասին հստակ պատկերացում ունի, որովհետև այս 4,5 տարում կարողացել է իր տակ համակարգ կառուցել։
Ըստ 2600 տարի առաջ Հին Չինաստանում գրված մի աշխատության, եթե դու ճանաչում ես քեզ (այսինքն հստակ գիտես քո ռեսուրսները, ճիշտ ես գնահատում քո ուժեղ և թույլ կողմերը) ու ճանաչում ես հակառակորդին, ապա հարյուր մարտի էլ բռնվես, հարյուրում էլ կհաղթես։ Եթե ճանաչում ես միայն քեզ, բայց ոչ հակառակորդին, մարտերի կեսում կպարտվես։ Իսկ եթե չես ճանաչում ո՛չ քեզ, ո՛չ հակառակորդին, միշտ պարտվելու ես։
* * *
Մի խոսքով. ճանաչենք զմիմյանս, մինչև մնացած ամեն ինչը...»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին