«Մանսուրյան․ խոսքի և մեղեդու խաչմերուկին». կնշվի Տիգրան Մանսուրյանի տարեդարձը
Հունվարի 27-ին` ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում կնշվի մաեստրո Տիգրան Մանսուրյանի տարեդարձը: Համերգը նախաձեռնվել է «Կողբ» հիմնադրամի կողմից և անցկացվում է Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթի շրջանակում։
Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթի կազմակերպիչների փոխանցմամբ, համերգային ծրագրում հնչելու են Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները։ Կկայանա «8 հայրեն սիրո, պանդխտության և լուսնյակ գիշերների» ստեղծագործության համաշխարհային պրեմիերան։ Երաժշտասերները հնարավորություն կունենան ունկնդրելու նաև «Օրհներգ - Նավապետ Բարի» ստեղծագործությունը, խոսք` Մեսրոպ Մաշտոցի։ Այն Հայաստանում հնչելու է առաջին անգամ։
Համերգը կրում է «Մանսուրյան․ խոսքի և մեղեդու խաչմերուկին» խորագիրը, և կներկայացնի երաժշտության ու պոեզիայի գեղեցիկ ներդաշնակությունը։
Երեկոյի ընթացքում ելույթ կունենան Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան), Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան) և Երևանի պետական կամերային երգչախումբ (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Քրիստինա Ոսկանյան)։ Հանդես կգան նաև բարիտոն Տիգրան Քախվեջյանը, ասմունքող Բաբկեն Չոբանյանը։
Համերգը կղեկավարի դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան