Հովհաննես Բաղրամյանը չի սիրել պատմել պատերազմի մասին. հիշում է մարշալի թոռը
Հայաստանում է Խորհրդային Միության կրկնակի հերոս, նշանավոր զորահրամանատար, մարշալ, ԽՍՀՄ պաշտպանության փոխնախարար Հովհաննես Բաղրամյանի թոռը՝ Իվան Բաղրամյանը։ Նրա մասնակցությամբ Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնում բացվեց «Մարշալ Բաղրամյան – 125» լուսանկարչական ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են բացառիկ արխիվային փաստեր և լուսանկարներ։
Panorama.am-ի հետ զրույցում Իվան Բաղրամյանը խոստովանում է՝ Խորհրդային Միության կրկնակի հերոսի թոռ լինելը պարտավորեցնող է. «Որևէ քայլ անելուց առաջ ինքս ինձ հարց եմ տալիս՝ պապս հավանության կարժանացնե՞ր, թե՞ ոչ»։
Նա պատմում է, որ իրեն մեծացրել ու դաստիարակել են պապիկն ու տատիկը, քանի որ նրանց հետ է ապրել Ռիգայում, իսկ ծնողներն աշխատել են Մոսկվայում։
«Բարի էր պապիկս, երբեք ձայնը չէր բարձրացնում։ Եթե ես կամ քույրս որևէ բանում մեղավոր էինք, հագիստ խոսում էր մեզ հետ, անմիջապես հասկանում էինք, թե ինչում ենք սխալ։
Կարգապահ մարդ էր։ Երբ արդեն Մոսկվայում էինք սովորում, աշխատում, իսկ հանգստյան օրերին գնում էինք իր մոտ, ասում էր՝ նախաճաշը ժամը 09։00-ին։ Բոլորս գիտեինք, որ այդ ժամին պետք է այնտեղ լինենք»,- հիշում է Իվան Բաղրամյանը։
Ինչպես շատ վետերաններ, Հովհաննես Բաղրամյանն էլ չի սիրել պատմել պատերազմի մասին։
«Բայց գիտենք, որ նա մշակել է Քեոնիգսբերգի գրավման օպերացիան։ Հիտլերն այդ ամրոցը համարել է անառիկ։ Խնդիրը լուծելու համար հատկացված է եղել հինգ օր, բայց նրանք ավարտել են երեքուկես օրում։ Առաջին օրուկեսը եղանակի պատճառով ավիացիան չի կարողացել թռիչքներ իրականացնել, մեծ հույսեր չէին կապել ավիացիայի հետ», -նշում է նա։
Իվան Բաղրամյանի խոսքով, հաճելի է, որ պապին հիշում ու հարգում են իր հայրենիքում՝ Հայաստանում, կազմակերպում նման ցուցահանդես և 125-ամյակի շրջանակում այլ միջոցառումներ։ ՌԴ-ում նշանավոր զորահրամանատար, մարշալ Հովհաննես Բաղրամյանի 125-ամյակի առիթով նույնպես կազմակերպվել են միջոցառումներ։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։