Զգուշացնում եմ, եթե կառավարությունը հարկային բեռն ավելացնի՝ կտրուկ դիմադրելու եմ. Գուրգեն Արսենյան
«Պարոն Թունյանը մի արտահայտություն արեց, թե գույքահարկի փոփոխությունը միասին ենք արել: Ոչ, պարո՛ն Թունյան, ես գույքահարկի ընդունման օրենսդրական փոփոխության ժամանակ չեմ եղել խորհրդարանի անդամ»,-ԱԺ-ում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը՝ ելույթ ունենալով եկամտի համընդհանուր հայտարարագրման համակարգ ներդնելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ:
Նա հիշեցրեց, որ այդ փոփոխությունն նախորդ գումարման խորհրդարնում արել է ոչ թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, այլ «Իմ քայլը», որին ինքն անձամբ դեմ է եղել:
«Չէր կարելի կորոնավիրուսային սահմանափակման պայմաններում հարկ ավելացնել, առավել ևս՝ երևի միակ կառավարությունն ենք եղել Երկիր մոլորակում, որն այդ պայմաններում հարկ է ավելացրել: Ես շարունակում եմ մնալ սկզբունքային և համոզված հակառակորդ այդ փոփոխության»,-հայտարարեց Գուրգեն Արսենյանը և համոզմունք հայտնեց, որ գույքահարկը կրկնակի հարկման թաքնված մեխանիզմ է:
Անցնելով քննարկվող նախագծին՝ ՔՊ-ական պատգամավորը հայտնեց, որ եկամուտների հայտարարագրումը կարևոր գործիք է, որին կողմ է քվեարկելու, բայց երկու նախազգուշացում ունի:
«Նախազգուշացում համար մեկ՝ որպես քաղաքական թիմի անդամ, ես պատասխանատվություն եմ կրելու դրա հետևանքների համար: Կառավարության ներկայացուցիչն մի քանի անգամ այս ամբիոնից ասաց, որ այդ մոդելի ընդունումը և համակարգի ներդրումը որևէ ձև չի բերելու հարկային բեռի ավելացման: Ուզում եմ ասեմ՝ հանկարծ եթե տեղի ունեցավ որևէ բան, որը հետագայում կառավարության կողմից կգա որպես հարկային բեռի փոփոխություն կամ ավելացում՝ իմ կողմից արժանանալու է կտրուկ դիմադրության»,-հայտարարեց Արսենյանը:
Նկատելով, որ եկամուտների հայտարարգրումը փոխհարաբերւոթյուններ են պետության և քաղաքացու միջև՝ Արսենյանն ասաց, որ հնարավոր է եկամտի հայտարարգրման միջոցով պետությունը իմանա բնակչության կարիքները և քաղաքականություն տանի դրանց ավելացման ուղղությամբ՝ նոր աշխատանքի և եկամտի ավելացման հաշվին, բայց ոչ այլ անձանցից եկամտի վերաբաշխման միջոցով:
«Աշխարհի բարեկեցիկ երկրներն իրենց համակարգի հիմքում դրել են աշխատանքը, նոր բարիք ստեղծելը, ոչ թե վերաբաշխում անելը: Մենք պետք է գնանք նոր բարիք ստեղծելու ճանապարհով, որովհետև շատ գայթակղիչ է մարդկանց առաջարկելը՝ մեկն ավել ունի՝ մյուսը քիչ, եկեք խառնենք իրար՝ կիսենք, դուք մեզ ընտրեք: Մենք թուլանում ենք դրանով, որևէ մեկին դրանով որևէ բան չենք ապացուցում: Պետք է մեր մրցակցային դերը գտնենք աշխարհում, դրա համար պետք է ունակ լինենք բան անելու, գիտելիք ունենաք, մրցակցային բաներ անենք»,-ասաց ՔՊ-ական պատգամավորը:
Նա հայտարարեց, որ պետք է սպասել փոփոխության արդյունքներին, բայց և արձանագրեց, որ վերջին 30 տարիները փաստում են, որ որ բոլոր բարի ցանկություններն ավարտվում են ձախողումներով:
«Ինչը չեմ ցանկանա, որ տեղի ունենա այս պարագայում: Ցանկանում եմ, որ մեր կառավարիչները մտածեն այն մոդելով, որը ես եմ առաջարկում՝ մարդկանց ունեցվածքը և բարեկեցությունը ավելացնելու ուղիով, ուրիշ ճանապարհ չկա»,-կառավարությանը կոչ արեց ՔՊ-ական պատգամավորը:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունն առաջարկում է նվազեցնել պաշտոնյաների հավելավճարները՝ աշխատավարձերի խզվածքը կրճատելու համար
- Էլեկտրոնային պահոցով նույնականացման քարտերը նախատեսվում է տրամադրել մինչև 2023 թվականի փետրվարի 15-ը. Արա Ֆիդանյան
- Ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու, որպեսզի ապահովեք անկախ դատական համակարգ՝ այդ թվում գործող իշխանություններից. Արսեն Թորոսյանը՝ ԲԴԽ անդամի թեկնածուին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին