Համընդհանուր հայտարարագրման օրինագիծն ՔՊ-ական պատգամավորները քննարկեցին առանց ընդդիմախոսության
«Նախագծի նպատակներից մեկը ֆիզիկական անձանց անձնավորված հաշվառման համակարգ ձևավորելն է, ինչը հնարավորություն կընձեռի առավել հեշտությամբ և ճշտությամբ ավելի բարձր աստիճանով տեղորոշել ոլորտային քաղաքականությունների իրական հասցեատերերին ու շահառուներին»,-ԱԺ-ում հայտնեց ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը՝ ներկայացնելով ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման մասին օրենքի նախագիծը:
Նրա տեղեկացմամբ՝ օրինագծով նախատեսվում է Կառավարությանն իրավասություն վերապահել սահմանելու «ընտանիքի կազմ» հասկացությունը, սոցիալական ծախսերի առանձին տեսակներ, ուղղություններ, թույլատրելի չափեր:
Արման Պողոսյանը հայտարարեց, որ այն հնարավորոիթյուն կտա հարկման բազայից կատարել նվազեցումներ և նախատեսված դեպքում հայտարարագրի ներկայացումից հետո նաև եկամտային հարկի գումարը հետ ստանալ:
Փոխնախարարը հայտնեց, որ առաջին փուլում՝ 2024 թվականի ապրիլին հայտարարագիր կներկայացնեն այսօր արդեն հայտարարագիր ներկայացնող համայնքային կամ հանրային պաշտոններ զբաղեցնող անձինք, ինչպես նաև 2022 թվականի արդյունքներով եկամտի 1 միլիարդ դրամի շեմը գերազանցած ընկերությունների բաժնետերերը և այն ռեզիդենտ քաղաքացիները, որոնք 2023 թվականի ընթացքում ստացել են 20 միլիոն դրամ կամ ավելի փոխառություններ:
Նրա խոսքով՝ հայտարարգիր պետք է ներկայացնեն նաև այն քաղաքացիները, որոնք 2023 թվականի դրությամբ հանդիսանում են հիփոտեկային վարկի սպասարկման տոկոսների գծով եկամտային հարկի փոխհատուցումներ ստացող քաղաքացիներ:
Արման Պողոսյանը հայտնեց, որ երկրորդ փուլում հայտարարագիր կներկայացնեն այն քաղաքացիները, որոնք վարձու աշխատողներ են կամ քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում ստացել են աշխատանքների կատարման դիմաց եկամուտներ, իսկ երրորդ փուլում՝ հայտարարագիր պետք է ներկայացնեն ՀՀ բոլոր ռեզիդենտ ֆիզիկական անձանց:
Տեղեկացնելով, որ հայտարագրերի նախագծերի նախնական տարբերակները քաղաքացիների համար կազմելու է ՊԵԿ-ը՝ փոխնախարարը հայտնեց, որ այն լինելու է այդ պահի դրությամբ հարկային մարմնին հայտնի տեղեկատվության հիման վրա:
«Խոսքը հարկային գործակալների կողմից հարկված եկամուտների, դրանցից պահված եկամուտների մասին տեղեկություններն են, որոնք տնօրինում է հարկային մարմինը»,-հայտնեց փոխնախարարը և շարունակեց. «Եթե քաղաքացին տեսնի, որ հայտարարագրում արտացոլված որոշ տեղեկություններ պետք է վերանայվեն կամ լրացվեն, դրանից հետո միայն նա կհաստատի իր համար ներկայացվող հայտարարագիրը»:
Հարակից հրապարակումներ`
- Զգուշացնում եմ, եթե կառավարությունը հարկային բեռն ավելացնի՝ կտրուկ դիմադրելու եմ. Գուրգեն Արսենյան
- Կառավարությունն առաջարկում է նվազեցնել պաշտոնյաների հավելավճարները՝ աշխատավարձերի խզվածքը կրճատելու համար
- Ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու, որպեսզի ապահովեք անկախ դատական համակարգ՝ այդ թվում գործող իշխանություններից. Արսեն Թորոսյանը՝ ԲԴԽ անդամի թեկնածուին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան