Վրաստանում մեքենաների գները կբարձրանան 10-15%-ով
Վրաստանի ավտոներմուծողների ասոցիացիան ակնկալում է, որ 2023 թվականի սկզբից ինչպես հին, այնպես էլ նոր մեքենաների գները կբարձրանան լրացուցիչ 10-15 տոկոսով, իսկ ապագայում գնաճի միտումը կշարունակվի։ Jnews-ի հաղորդմամբ, հայտարարել է Ասոցիացիայի ղեկավար Ալեքսի Նոնիաձեն:
Նրա խոսքով, գների աճը պայմանավորված է համաշխարհային գնաճով, ռեցեսիայի ակնկալիքով, ինչպես նաև մատակարարման շղթայի հետ կապված ծախսերի ավելացմամբ։
«Բոլոր տեսակի մեքենաների գներն այս տարի աճել են միջինը 30-40 տոկոսով, իսկ որոշ դեպքերում՝ ավելի շատ։ Ակնկալում ենք, որ նոր տարվանից թե՛ նոր, թե՛ հին մեքենաները կթանկանան ևս 10-15 տոկոսով: Մեքենաները, որոնք երկիր պետք է հասնեն մինչև տարեվերջ, արդեն ճանապարհին են, և նորը պատվիրելը թանկ կարժենա՝ գլոբալ ծախսերի աճի պատճառով։ Աշխարհում առկա տնտեսական ճգնաժամի ֆոնին, երբ գնաճը գրոհում է ամեն ինչ, մենք ակնկալում ենք, որ առաջիկա ամիսներին գների աճի տեմպերը կշարունակվեն»,- հայտարարել է նա:
Վրաստանում մեքենաների թե՛ ներմուծումը, թե՛ արտահանումը զգալի աճ է գրանցում։ Ընթացիկ տարվա 10 ամիսներին, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, Վրաստան թեթև մարդատար ավտոմեքենաների ներմուծումն աճել է 13,4%-ով, իսկ արտահանումը` 51,7%-ով։
Հաշվետու ժամանակահատվածում Վրաստանից վերաարտահանվել է 661,3 մլն դոլարի ավտոմեքենա։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան