«Ժողովուրդ». Պաշտոնաթող նախագահներին և վարչապետներին պետական պահպանություն կտրամադրվի միայն վարչապետի որոշմամբ
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Այսուհետ Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահներին և վարչապետներին պետական պահպանություն հնարավոր կլինի տրամադրել միայն վարչապետի որոշմամբ: Այսինքն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է ավելացնել իր լիազորությունները, չնայած ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ դեմ էր, որ երկրի ղեկավարն այդքան շատ լիազորություններ ունենա:
Հայտնի է, որ դեկտեմբերի 9-ին ՀՀ Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարելու, որի օրակարգում ընդգրկված է նաև «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս նախագծերով առաջարկվում է սահմանափակել հանրապետության պաշտոնաթող նախագահներին և վարչապետներին տրամադրվող անձնական պետական պահպանության տրամադրման ժամկետները: Մասնավորապես, առաջարկվում է Հայաստանի Հանրապետության տարածքում հանրապետության նախագահներին և վարչապետներին տրամադրվող անձնական պետական պահպանության տրամադրման ժամկետը սահմանափակել համապատասխանաբար 7 և 10 տարիներով:
Առաջարկվում է նախատեսել նաև իրավակարգավորումներ, որոնց պարագայում հանրապետության պաշտոնաթող նախագահներին և վարչապետներին օտարերկրյա պետություններում գտնվելու ժամանակ պետական պահպանություն կտրամադրվի մեկ տարվա ընթացքում օտարերկրյա պետություններ կատարվող ոչ ավելի, քան 20 օր ընդհանուր տևողությամբ այցերի ընթացքում:
Այս նախագծով Ազգային անվտանգության ծառայության գրասենյակի կարգավիճակ ունեցող Պետական պահպանման ծառայությունը ունենալու է վարչապետին ենթակա մարմնի կարգավիճակ, ավելին՝ պետական պահպանության ծառայության ղեկավարը նշանակվելու և ազատվելու է հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ, իսկ առաջին տեղակալը՝ վարչապետի կողմից՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի ներկայացմամբ: Այսինքն՝ այստեղ ևս վարչապետը նոր լիազորություններ կունենա և ԱԱԾ-ից կվերցնի ՊՊԾ ծառայությունը՝ տանելով իր ենթակայության տակ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա