Առաջիկայում Հայաստանն ու Հունգարիան կհայտարարեն երկու երկրներում դեսպաններ նշանակելու մասին. Միրզոյան
«Մեր գնահատականը չի փոխվել, Հունգարիայի իշխանությունները հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած հանցագործին չպետք է արտահանձնեին Ադրբեջանին։ Մեր ընկալումները նույնն են»,- ԱԺ- կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Այսպես նա արձագանքեց ՔՊ խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հարցին, որը վերաբերում է ԵԱՀԿ նախարարական համաժողովի ընթացքում Հայաստանի ու Հունգարիայի՝ դիվանագիտական հարաբերությունների լիարժեք վերականգման մասին հայտարարությանը։ Նա հիշեցրեց, որ ՀՀ սառեցրել էր հարաբերությունները Հունգարիայի հետ հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու պատճառով, ապա հարցրեց՝ արդյոք ՀՀ փոխել է իր դիրքորոշումն այս հարցի առնչությամբ։
Միրզոյանն ասաց, որ այդ իրադարձությունները հիշելով, նաև հիշում են անցյալ տարվա դեկտեմբերին Հունգարիայի գործադրած ջանքերը 5 հայ ռազմագերիների ազատ արձակման ուղղությամբ։
«Կարծում եմ նաև, որ չենք կարող չնկատել հունգարական իշխանությունների աջակցությունը Քովիդի դեմ պայքարի շրջանակներում։ Եթե ճիշտ եմ հիշում, 100 000 դեղաչափ տրամադրեցին, և սա ևս կյանքեր փրկեց։
Կան բազմաթիվ այլ օրինակներ։ Օրինակ, ֆինանսական աջակցությունը, որը հունգարական իշխանությունը ցույց է տալիս Հայ Առաքելական եկեղեցուն, նաև կա դպրոցների մակարդակում համագործակցություն, այդ թվում՝ Գուրգեն Մարգարյանի սպանության հետ կապված իրազեկման բարձրացման ուղղությամբ։
Ահա այս բոլորը, երբ կշեռքի նժարի վրա ենք դնում, ես կարծում եմ, որ ընտրություն պետք է կատարել ավելի շատ դրականի և ապագայի համար, ինչը և արվել է»,- ասաց Միրզոյանը։
Նա նշեց, որ առաջիկայում Հայաստանն ու Հունգարիան կհայտարարեն երկու երկրներում դեսպաններ նշանակելու մասին։
Հարակից հրապարակումներ`
- Գևորգ Դանիելյան. Մինչդեռ Հունգարիան ներողություն չի խնդրել հակակոնվենցիոն արարքի համար
- Իսկ Հունգարիայում որքանով է անվտանգ եղել Նազելի Վարդանյանի աշխատանքը
- Հունգարիա է գործուղվել ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչ
- «Փաստ». ԱԳՆ-ն չի հերքել Հունգարիայի հետ հարաբերությունները վերականգնելու հարցը, այլ տեղեկություն էլ չի տվել
- Քաղաքագետ. Մնում է Հունգարիային սրտաճմլիկ շնորհակալություն հայտնել
- «Մարդասեր» Հունգարիան քավո՞ւմ է մեղքերը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան