Արցախում 19 անչափահասներ թունավորման ախտանիշներով տեղափոխվել են բուժհաստատություններ
Այսօր ժամը 13:50-ից սկսած Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲ ընկերություն և այլ բժշկական հաստատություններ են դիմել ընդհանուր 19 անչափահասներ, որոնց մոտ ախտորոշվել է հավանաբար սննդային թունավորման հետևանքով առաջացած «սուր գաստրիտ»: Դիմորդներից 12-ին ցուցաբերվել է ստացիոնար բուժօգնություն, նրանցից 9-ը շարունակում է ստանալ բժշկական օգնություն հիվանդանոցային պայմաններում: Այս մասին հայտնում են ԱՀ դատախազությունից։
Դեպքի մասին հաղորդվել է նաև ԱՀ դատախազությանն ու ներքին գործերի նախարարության ոստիկանությանը: Այս պահին իրավապահ մարմինների կողմից ԱՀ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռնարկվում են անհրաժեշտ քրեադատավարական միջոցառումները՝ կասկած հարուցող սննդամթերքի նմուշառման, փորձաքննությունների կազմակերպման, քաղաքացիների առողջությանը պատճառված վնասի աստիճանը և թունավորման պատճառները պարզելու ուղղությամբ:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության հաղորդմամբ, ժամը 21-00 դրությամբ «Արևիկ» բուժմիավորումում բուժում էր ստանում 4 երեխա, որոնց վիճակը բժիշկները գնահատում են բավարար։
ժամը 22:00-ի դրությամբ թունավորման ախտանշաններով տեղափոխված երեխաներից ևս 3-ը դուրս է գրվել բուժհաստատությունից: