ԼՂ հայության վրա շարունակում են կրակել, նրանց ենթարկում են տարատեսակ ճնշումների. Արարատ Միրզոյան
«Այստեղ երկու մեկնաբանության տեղ չի կարող լինել, իրադարձությունները բավականին միանշանակ են՝ մայրուղու փակումը, Լաչինի միջանցքի փակումը նոյեմբերի 9-ի հայտարարության կոպտագույն խախտում կլիներ»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանի հարցին, որ օրեր առաջ Ադրբեջանն իբրև բնապահպանական նկատառումներով կամ բնապահպանական հարցեր բարձրացնելու պատրվակով դիմեց հերթական սադրանքին՝ փակելով Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղին, փաստացի շրջափակման մեջ թողնելով Արցախը, ինչպե՞ս կմեկնաբանեք այդ օրվա իրադարձությունները։
Ա. Միրզոյանն արձանագրեց, որ ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ բանակցությունների արդյունքում հարցն արագորեն հարթվել է։
«Ընդհանրապես, կարծում եմ, կողմերը կարող են իրար նկատմամբ դժգոհություններ, առաջարկներ, պահանջներ ներկայացնեն միայն այն պայմանավորվածությունների շրջանակներում, որոնք ձեռք բերված են, արձանագրված են, ընդունված են բոլոր կողմերի կողմից և հանրահռչակված են։ Պետք է արձանագրենք, որ իրավիճակը փխրուն է, հարցերը կարգավորված չեն և ահա նոր պահանջների ներկայացումը կարող է ուղղված լինել իրավիճակի միայն սրացմանը։ Միտումնավոր, թե ոչ միտումնավոր, սա արդեն մեկնաբանության հարց է»,- նշեց Ա.Միրզոյանը։
Արձագանքելով ադրբեջանական կողմից հնչող մի քանի հայտարարություններին, իբրև Լաչինի միջանցքը ոչ նպատակային է օգտագործվում, կամ՝ ականների թեմայով, ԼՂ տարածքում ՀՀ զինված ուժերի ներկայության մասին, Արարատ Միրզոյանն ասաց. «Մենք բազմիցս հայտարարել ենք՝ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի տարածքում չունի որևէ զինված կազմավորում։ Մենք գիտենք, որ ԼՂ-ն ունի պաշտպանության բանակ, և այս բանակի անվանումն ինքնին հուշում է այն մասին, որ այս բանակի առաքելությունը Լեռնային Ղարաբաղի հայության պաշտպանությունն է, ինքնապաշտպանությունն է։ Այս առաքելությունն այսօր առավել քան երբևէ պահանջված է՝ ԼՂ հայության վրա շարունակում են կրակել, նրանց ենթարկում են տարատեսակ ճնշումների, տարվա սկզբին գազն էին փակել։ Երբ որ կվերանա Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումների, գոյաբանական վտանգները, այն ժամանակ, կարծում եմ, ԼՂ հայությունը կկարողանա քննարկել հնարավոր տարբեր այլ սցենարներ։ Այս պահին կարող ենք արձանագրել, որ այդ գոյաբանական վտանգը կա»։
Նա նաև ասաց, որ նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները ոչ ամբողջությամբ են կյանքի կոչված, առաջին հերթին խոսքը ապօրինի պահվող հայ ռազմագերիների, պատանդառու մյուս անձանց ազատ արձակման ձգձգումն է, բազմաթիվ այլ հարցեր։
Հարակից հրապարակումներ`
- Եկեք չմոռանանք, որ Լաչինի միջանցքը ռուս խաղաղապահների վերահսկողության տակ է. Ալեն Սիմոնյան
- Արցախի ԱԳՆ. Այս ահաբեկչական քայլը նաև խարխլում է Լաչինի միջանցքի վերաբերյալ միջազգայնորեն ձեռքբերված պայմանավորվածությունը
- Արցախը Հայաստանին կապող միակ մայրուղին երկկողմանի բաց է
- Հասրաթյան. Բաքու-Անկարա տանդեմը նպատակ ունի փակել Լաչինի միջանցքը և Արցախը խեղդել շրջափակման օղակի մեջ
- Նույնիսկ Հայաստանի իշխանությունն է խոստովանում, որ «Լաչինի միջանցքում» 5 կմ-ոց բուֆերային գոտին չի պահպանվում. Աբրահամյան
- «Լաչինի միջանցքում» ադրբեջանական անցակետի հնարավոր տեղակայումը կբերի Արցախի հայաթափմանը. Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին