Ատեսավորման և հավելավճարների խնդիրը բերելու է ԶՈւ-երից արտահոսքի. Օհանյան
«Տվյալ առաջարկությամբ փաստորեն Զինված ուժերի ատեստացիոն ամբողջ համակարգը մենք կապում ենք հավելավճարների հետ»,- ԱԺ-ում «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցի քննարկմանն ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Նա նշեց, որ զինծառայողների սոցիալական ապահովածության խնդիրը զինվորական ծառայության գրավչության ամենակարևոր ուղղություններից մեկն է, բայց տվյալ առաջարկություններով չպետք է այնպիսի տպավորություն ստեղծվի, որ Զինված ուժերում ատեստացիոն համակարգ գոյություն չունի։ Ս.Օհանյանի ներկայացմամբ, յուրաքանչյուր կառույցում գոյություն ունեն ատեստացիոն հանձնաժողովներ, որոնց ղեկավարներն են հրամանատարների տեղակալները և համապատասխան հանձնաժողովներում եզրակացություններ են տրվում, թե տվյալ զինծառայողը համապատասխանում է պաշտոնին, չի համապատասխանում կամ արժանի է առաջխաղացման։
«Տվյալ առաջարկությամբ փաստորեն զինված ուժերի ատեստացիոն ամբողջ համակարգը մենք կապում ենք հավելավճարների հետ, որը «Հայաստան» խմբակցությունը գտել է ճիշտ չէ և համապատասխան առաջարկություններ է արել, որոնց հիմնավորման մեջ նշել ենք, որ տվյալ սկզբունքով ներկայացված ատեսավորման և հավելավճարների խնդիրը բերելու է Զինված ուժերից արտահոսքի, ոչ հավասար պայմանների և նաև մարտական գործողությունների ժամանակ անհավասար պայմաններ են լինելու. մեկը, ով հավելավճար է ստանում, կարող է տեղի տալ, իսկ մյուսը կարող է հերոսանալ»,- ասաց Օհանյանը։
Նա ներկայացրեց իրենց խմբակցության առաջարկությունը, որը նաև պաշտպանության նախարարին են ներկայացրել. «Առաջարկությունը հետևյալն է՝ այդ հարցը կարգավորել հետևյալ կերպ. Զինված ուժերի ատեստացիոն համակարգը թողել նույն կերպ, բայց մասնագիտական որակավորումների կարգեր կան՝ երրորդ, երկրորդ, առաջին, վարպետներ և այդ մասնագիտական որակավորումների կարգերի ընդունման ընթացակարգերն ավելի խստացնել և հավելավճարները ներկայացնել միայն այդ կարգավորման սկզբունքներում։ Սա է մեր առաջարկությունը եղել, որը գտնում ենք հիմնավորված»։
Աժ-ն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց՝ կողմ 65, դեմ 0, ձեռնպահ 26 (ընդդիմադիր պատգամավորներ) ձայների հարաբերակցությամբ։
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ, հոդված 47.
«Պայմանագրային զինծառայողների ատեստավորումը
1. Մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական եւ շարքային կազմերի զինծառայողներին հավելավճար հաշվարկելու նպատակով իրականացվում է ատեստավորում: Ատեստավորման կարգը եւ մարտական խնդիրների ու դրանց իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթների շրջանակը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթների շրջանակի հիման վրա համապատասխան գործառույթներ ունեցող զինվորական պաշտոնների անվանացանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը:
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ատեստավորմանը մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական եւ շարքային կազմերի զինծառայողներն առաջին անգամ մասնակցում են կամավոր:
3. Օրենքով սահմանված զինվորական պաշտոնների յուրաքանչյուր խմբում նախատեսված եւ մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոն առաջին անգամ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական եւ շարքային կազմերի զինծառայողները ենթակա են ատեստավորման պաշտոնը զբաղեցնելու օրվանից ոչ շուտ, քան երեք ամիս հետո եւ ոչ ուշ, քանի չորրորդ ամիսը լրանալու օրը, որի արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք բերելու դեպքում հավելավճարը հաշվարկվում է պաշտոնի նշանակման օրվանից: Սույն մասով սահմանված կարգով ատեստավորման ենթակա է նաեւ սույն օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն նոր պայմանագիր կնքած եւ մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոնի նշանակված պայմանագրային զինծառայողը՝ անկախ այն հանգամանքից, որ համապատասխան պաշտոնը պայմանագրային զինծառայողը զբաղեցնում է առաջին անգամ, թե ոչ:
4. Զբաղեցրած մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոնում ատեստավորված եւ տվյալ պաշտոնի խմբի համար սահմանված չափով հավելավճար ստացող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական եւ շարքային կազմերի զինծառայողները (այսուհետ նաեւ՝ պայմանագրային զինծառայող) ենթակա են ատեստավորման յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ՝ հավելավճարի հաշվարկումը շարունակելու համար: Սույն մասով սահմանված դեպքում՝
1) հղի կամ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող պայմանագրային զինծառայողն ատեստավորման ենթակա է ոչ շուտ, քան արձակուրդից վերադառնալուց երեք ամիս հետո եւ ոչ ուշ, քանի չորրորդ ամիսը լրանալու օրը.
2) հերթական արձակուրդում կամ գործուղման կամ բուժման մեջ գտնվող պայմանագրային զինծառայողը ենթակա է ատեստավորման հերթական արձակուրդի կամ գործուղման կամ բուժման ավարտից հետո եռամսյա ժամկետում:
5. Ատեստավորման ենթակա պայմանագրային զինծառայողը ոչ ուշ, քան երկու ամիս առաջ տեղեկացվում է ատեստավորման անցկացման ժամկետի մասին։
...
7. Ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու կամ հավելավճարի հաշվարկումը շարունակելու իրավունք ձեռք չբերած պայմանագրային զինծառայողը կարող է կրկնակի ատեստավորում անցնելու համար դիմել տարեկան ոչ ավելի, քան երկու անգամ, որի արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք բերելու դեպքում հավելավճարը հաշվարկվում է այդ իրավունքի ձեռքբերման օրվանից:
...
«18.1. Մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական եւ շարքային կազմերի զինծառայողներին սույն օրենքի 47-րդ հոդվածով սահմանված ատեստավորման արդյունքներով հաշվարկվում է հավելավճար, որի չափերը եւ վճարման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Հավելավճարի հաշվարկման կարգը եւ հաշվարկված հավելավճարի վճարումը դադարեցնելու հիմքերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի նորմատիվ հրամանով: Սույն մասի համաձայն հավելավճար հաշվարկելու դեպքում պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական եւ շարքային կազմերի զինծառայողներին «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված լրավճարը եւ պայմանագրային զինվորական ծառայության պաշտոնի համար սահմանված հավելումը չի հաշվարկվում:»:
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Ատեստավորման գաղափարը բարձրաստիճան զինվորականներին դուր չի եկել
- Տիգրան Աբրահամյան. Զինծառայողների ատեստավորման մասին օրինագիծն ունի բազմաթիվ ռիսկեր
- Պայմանագրային զինծառայողների համար կսահմանվի հավելավճար՝ կամավոր ատեստավորման արդյունքում. Պապիկյան
- Կառավարությունը որոշել է պայմանագրային զինծառայողներին հավելավճարներ տալ միայն ատեստավորումներից հետո
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան