«Ժողովուրդ». Ռուբեն Վարդազարյանի և Գագիկ Ջհանգիրյանի աղմակահարույց զրույցի մասով հարուցված քրեական վարույթը կարճվել է
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեն որոշել է կարճել Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահներ Ռուբեն Վարդազարյանի և Գագիկ Ջհանգիրյանի աղմակահարույց զրույցի մասով հարուցված քրեական վարույթը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը փորձեց անձամբ պարզել ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանից, որը հաստատեց մեր ունեցած տեղեկությունը. «Այո՛, որոշել են կարճել քրեական վարույթը և մեզ ժամանակ են տվել ներկայացնել միջնորդությունները, ինչը ներկայացվել է: Սպասում եմ միջնորդությունների պատասխանին, որից հետո հանգամանալից կխոսենք կարճման հիմքերի մասին և կմեկնաբանենք իրավիճակը», – նշեց նա:
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին հրավիրված ասուլիսին Ռուբեն Վարդազարյանը հրապարակել էր ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանի հետ ունեցած զրույցի ձայնագրությունը, որը մերկացնում էր ողջ դատական համակարգը (թե ինչպես են Գագիկ Ջհանգիրյանի «վզին դրվում» ինչ-ինչ քաղաքական հրահանգներ): 6 ամիս քննելով գործը՝ Քննչական կոմիտեն տուժող չճանաչեց Ռուբեն Վարդազարյանին, քրեական վարույթով որևէ մեկը մեղադրյալ չներգրավվեց, և, ահա, որոշել են քրեական վարույթը կարճել:
Իհարկե, սպասելի էր, քանի որ ի սկզբանե այդ ձայնագրության հրապարակումը ոչ թե քրեական, այլ քաղաքական հրահանգների ապացույց էր, բայց որ քրեական վարույթը քրեական ավարտ չի ունենում միայն այն պատճառով, որ արդեն երկու կողմերն էլ՝ թե՛ Վարդազարյանը, թե՛ Ջհանգիրյանը այլևս պաշտոնյաներ չեն, խիստ ուշագրավ էր: Որպես համեմատություն՝ նշենք, որ նույն Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել՝ նաև նախկին դատավոր, ԱԱԾ տնօրենի նորանշանակ տեղակալ Անդրանիկ Սիմոնյանի հաղորդման հիման վրա, և այդ գործի քննությունը դեռ շարունակվում է, թերևս, այն պատճառով, որ Անդրանիկ Սիմոնյանը պաշտոնյա է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան