Ի՞նչ են նկարել Մետրոպոլիտենում
Տարածվել են առաջին լուսանկարները Մետրոպոլիտենի կայարաններում կատարված նկարահանումներից։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին և 7-ին քաղաքացիները զրկված էին Մետրոպոլիտենից օգտվելու հնարավորությունից։
Առաջին ալիքից մանրամասնում են, այդ օրերին «Մանկական Եվրատեսիլի» պատվիրակությունները մասնակցել են Երևանի մետրոպոլիտենում Հանրային հեռուստաընկերության կազմակերպած մշակութային ծրագրին։
Հանրապետության հրապարակից մետրոյի կախարդական գնացքը մասնակիցներին տեղափոխել է 4 հեքիաթային կայարաններ, որտեղ երեխաները ծանոթացել են Հայաստանի մշակութային ժառանգությանը, խոհանոցին, ազգային պարերին ու խաղերին և մասնակցել հայկական մեծ խնջույքի:
Ըստ աղբյուրի, խաղերի կայարանում մասնակիցները փորձել են պտտել այս տարվա «Մանկական Եվրատեսիլի» խորհրդանիշ հոլը, ինչպես նաև վայելել Հայաստանին հաղթանակ բերած Մալենայի «Քամի-քամի» կատարումը։
Քաղցրավենիքի կայարանում երեխաներին դիմավորել են Հրաշագործն ու Խոհարարը, միասին տորթ թխել, համտեսել հրուշակեղեն։
Հաջորդ կայարանը մշակութային էր։ Այստեղ մասնակիցներին սպասում էին «Շնչող արվեստի» կենդանի կտավները։ Երեխաների աչքի առաջ կենդանացել են Մինաս Ավետիսյանի «Ջաջուռ» (1960 թ.), Հակոբ Հակոբյանի «Հայելիով կինը» (1969 թ.) և Ժան Գառզուի «Ալ սենյակ» (1974 թ.) կտավները:
Իսկ վերջին կայարանում արդեն կախարդական գնացքի ուղևորներին սպասվում էր հայկական մեծ խնջույք։ Երեխաները կենաց ծառին կապել են երազանքների թելերը, համտեսել ղափամա և լուսանկարվել հայկական ազգային տարազներով։
«Մշակութային ծրագրի նպատակն է ներկայացնել հյուրընկալ երկրի ժառանգությունը, պատմությունն ու ներուժը՝ բարձրացնելով զբոսաշրջային գրավչությունը։
Մետրոպոլիտենում անցկացված յուրօրինակ ծրագիրը շուտով վերածվելու է ֆիլմի»,-հայտնում են առաջին ալիքից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան