Վահան Թումասյան. Փաշինյանի հայտարարությունն ընդամենը պրոբլեմից փախչելու քաղաքականություն է
«Մոտավորապես 4 տարի է հանձնաժողովը, որի մեջ ես էլ էի ընդգրկված, ուսումնասիրություններ կատարեց ու միայն փաստերով արձանագրեց, թե քանի ընտանիք ինչ կարգավիճակով են ապրում տնակներում։ Անշուշտ, նման ընտանիքներ կան, բայց դրանք առանձին դեպքեր են, ընդհանուր վիճակ չէ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը՝ արձագանքելով երեկ Աժ ամբիոնից Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ «Գյումրիում կան տնակներ, որոնք շարունակում են մնալ այն մարդկանց տիրապետության ներքո, որոնք ունեն բնակարան։ Այսինքն՝ մոտակայքում ունեն բնակարան, տնակն էլ ժամանակին չի ապամոնտաժվել»։
Վ.Թումասյանի խոսքով, հնարավոր է տնակային ավաններում 10-15 ընտանիք, ոչ ավելի, որ բնակարան ունեն, բայց վարձով են տվել կամ չեն տվել, շարունակում են ապրել տնակներում։
«Գյումրիում 2700-ից ավելի տնակ կա, բայց այդպիսի ընդամենն այդ մի քանի դեպքն է։ Իշխանություններն եթե չեն կարողանում լուծել խնդիրը, պետք է նման հայտարարություններ անեն, որ ոչ թե իրենք չեն կարողանում լուծել, այլ պրոբլեմը շինծու է, մարդիկ բնակարան ստացել են ու չեն գնացել այնտեղ ապրելու։ Դա անում էին նաև նախկին իշխանությունները։
Վերջին տասը տարում Գյումրիում որևէ բնակարանային շինարարություն չի իրականացվել։ Պետությունը համարեց, որ ինքն իր պարտավորությունը կատարել է։
Անկեղծ ասած, ճիշտ չարեց, որ նման հայտարարություն արեց, կարելի էր այլ կերպ ձևակերպել, բոլոր տվյալներն իր ձեռքի տակ են»,- ասաց «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահը։
Նա մեկ այլ խնդիր բարձրաձայնեց. «Երկրաշարժից հետո օրենք կար, ըստ որի՝ բնակարան էին տալիս ըստ ընտանիքի անդամների թվաքանակի, սակայն հետագայում այն փոխվեց և արդեն սկսեցին փոխհատուցել կորցրած բնակարանի չափով։ Բայց այդ ընտանիքի անդամները 25-30 տարվա ընթացքում մեծացել են, նոր ընտանիքներ են կազմել ու բնակվել են առանձին տնակներում։ Հիմա 3-4 ընտանիքի փոխհատուցում են մեկ բնակարան։ Պարզ է, որ այդ երեք ընտանիքը չի կարող ապրել մեկ բնակարանում, հետևաբար ընտանիքի մի մասը շարունակում է ապրել տնակներում։ Ստացվում է՝ այդ ընտանիքը պետությունից փոխհատուցում ստացել է, բայց իրենք փաստացի բնակարան չունեն»։
Առհասարակ, Վահան Թումասյանի խոսքով, իշխանությունները չեն խոսում երկրաշարժից հետո ամրացման ենթակա բազմաբնակարան շենքերի մասին, որտեղ ապրում են հարյուրավոր ընտանիքներ։
«34 տարի իրենց խոստացել են, որ վթարային շենքերը կամրացնեն, բայց այդ մարդիկ շարունակում են ապրել վթարային շենքերում։ 30 նման շենք կա։ Մի ցնցում, և այդ շենքերը փուլ կգան։
Գյումրիում այսօր 2700 տնակ ունենք, որտեղ բնակվում է մոտ 2200 ընտանիք։ Գյումրիում երկրաշարժի հետևանքով բնակարանային ծանր պայմաններում ապրող հազարավոր ընտանիքներ ունենք։ Այդ խնդիրների կողքին բերել ու մասնակի դեպքեր հնչեցնել, թե գյուղերում տուն ունեն, քաղաքում տուն ունեն, բայց չեն ապրում, ընդամենը պրոբլեմից փախչելու քաղաքականություն է»։
Վահան Թումասյանը նաև գրառում է արել՝ նշելով, որ իրականությանը չի համապատասխանում այն պնդումը, թե պետությունը պարտավորություններ չունի բոլոր անօթևան ընտանիքների նկատմամբ. «Այնուամենայնիվ Գյումրում և աղետի գոտու գյուղական համայնքներում հարյուրավոր ընտանիքներ կան, որոնց նկատմամբ պետությունը բնակարանային փոխհատուցման պարտավորությունները չի կատարել...
Այդ ընտանիքների մեծ մասը նույնիսկ հաշվառված են աղետի գոտում բնակարանային փոխհատուցման ենթակա ընտանիքների ցուցակում, այսինքն երկրաշարժի հետևանքով բնակարան են կորցրել, սակայն մինչև օրս չեն փոխհատուցվել:
Նախորդ բնակբաշխման գործընթացներից տարբեր պատճառաբանություններով են նրանք դուրս մնացել, ասենք պահանջվող փաստաթղթերը չեն կարողացել սահմանված ժամկետում տրամադրել ՀՀ կառավարության բնակբաշխման հանձնաժողովին, դատական կարգով են իրենց բնակարան ստանալու իրավունքները վերականգնել և հաշվառվել վերը նշածս ցուցակում և այլն: Տասնյակ վթարային և ամրացման ենթակա բազմաբնակարանային շենքերի բնակիչներ ևս սպասում են իրենց շենքերի ամրացմանն ու բնակարաններին:
Այդ իսկ պատճառով պնդել, թե պետությունը պարտավորություններ չունի բոլոր անօթևան ընտանիքների նկատմամբ, մեղմ ասած իրականությանը չի համապատասխանում»:
Գլխավոր նկարը՝ Վ.Թումասյանի ֆեյսբուքյան էջից։
Հարակից հրապարակումներ`
- Ո՞վ է խաբում տնակներում ապրողներին՝ Նիկոլը թե՞ իր տեղակալ Համբարձումը․ Գագիկ Համբարյան
- Առանց տնակային ավանի ապամոնտաժման Գյումրին զարգացում չի ունենալու․ Փաշինյան
- Երվանդ Թարվերդյան. Լիահույս եմ, որ շատ շուտով մենք կլուծենք երկրաշարժի ավերածությունների հետքերը
- Ցավ, որ բոլորիս հոգում է. Սպիտակի ավերիչ երկրաշարժից անցել է 34 տարի
- Աղետի գոտում 5419 ընտանիքից 5391-ի բնակարանային խնդիրը լուծվել է
- Վահան Թումասյան. Ահա թե դոմիկներում ինչ են կուտակել ձմռանը դիմակայելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան