Երևանի կոնյակի գործարանը և Էրազմուս ուսանողական ցանց Երևան ՀԿ-ն ստորագրել են փոխըմբռնման հուշագիր
Երևանի կոնյակի գործարանը և Էրազմուս ուսանողական ցանց Երևան հասարակական կազմակերպությունը նոյեմբերի 30-ին ստորագրել են հուշագիր՝ խթանելու ալկոհոլի պատասխանատու օգտագործումը չափահաս երիտասարդների շրջանում։
Գործարանից մանրամասնում են՝ լինելով Պեռնո Ռիկար միջազգային ընկերության անդամ՝ Երևանի կոնյակի գործարանը մշտապես նախաձեռնում է ծրագրեր՝ ուղղված ալկոհոլի պատասխանատու օգտագործմանը։ Հուշագիրը միտված է թիրախավորելու չափահաս երիտասարդներին՝ հատկապես բարձրացնելով նրանց տեղեկացվածությունը ալկոհոլի պատասխանատու օգտագործման մասին, ինչպես նաև շեշտելով ալկոհոլի չարաշահման անթույլատրելիությունը։
«Ալկոհոլի պատասխանատու օգտագործման քաղաքականության մեր կարևորագույն նպատակներից է բարձրացնել ալկոհոլի չարաշահումից բխող ռիսկերի մասին տեղեկացվացությունը երիտասարդների շրջանում։ Ալկոհոլի պատասխանատու օգտագործման մշակույթը շատ կարևոր է ձևավորել հենց երիտասարդ տարիքում, ուստի, կարծում եմ՝ այս համագործակցությունը կմիավորի Էրազմուսի լայն լսարանն ու Երևանի կոնյակի գործարանի ձեռագիր դարձած ալկոհոլի պատասխանատու սպառման մեծ փորձը՝ ի նպաստ ալկոհոլի գրագետ վայելքի», - ընդգծում է Երևանի կոնյակի գործարանի Մարդկային ռեսուրսների կառավարման գծով տնօրեն Էլիզա Մարմարյանը։
Ալկոհոլի պատասխանատու օգտագործման գաղափարը չափահաս երիտասարդների շրջանում առավել արդյունավետ տարածելու համար որպես հիմք ծառայելու է Պեռնո Ռիկար ընկերության «Պատասխանատու երեկույթ» (Responsible Party) ծրագիրը, որը մեկնարկել է 2009 թվականին։
Չափահաս երիտասարդ սպառողի համար փոխազդեցության աղբյուրները տարբեր են։ Այդ պատճառով ծրագրի արդյունավետությունը պայմանավորված է լինելու առօրյա հավաքների կամ երեկույթների ժամանակ երիտասարդության կողմից անձնական օրինակներով միմյանց քաջալերելու և իրազեկելու տարբեր գործողությունների իրականացմամբ։ Հասակակիցների փոխգործակցությունը հետագայում կնպաստի ալկոհոլի պատասխանատու օգտագործման տեսլականի տարածմանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան