Նիդեռլանդների իշխանությունները մտադիր են պաշտոնապես ներողություն խնդրել ստրկության համար
Նիդեռլանդների իշխանությունները պատրաստվում են պաշտոնապես ներողություն խնդրել գաղութատիրության ժամանակաշրջանի ստրկության համար։ Euronews-ի փոխանցմամբ՝ հաղորդում են հոլանդական լրատվամիջոցները:
Ներողություն խնդրելու արարողությունը նախատեսված է դեկտեմբերի 19-ին, որին կմասնակցեն մի քանի նախարարներ տարբեր երկրներից, որոնք ժամանակին եղել են Նիդեռլանդների գաղութները։ Վարչապետ Մարկ Ռյուտեն դեռ չի հաստատել այս տեղեկությունը։
Հոլանդական կայսրությունը առաջացել է 16-րդ դարում և դրա մի մասը գոյատևել է մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ապագաղութացման շրջանը։ Լեյդենի համալսարանի տվյալներով՝ երկիրը վաճառել է 550 000-ից 600 000 աֆրիկացի ստրուկների:
Որոշ իրավապաշտպան կազմակերպություններ քննադատել են դեկտեմբերի 19-ի «կամայականորեն ընտրված» ամսաթիվը՝ ափսոսանք հայտնելով, որ իշխանությունները չեն խորհրդակցել իրենց հետ ամսաթվի վերաբերյալ:
Հասարակական կազմակերպությունները կգերադասեն պաշտոնական ներողություն խնդրելու հրապարակումը 2023 թվականի հուլիսի 1-ին, որը համընկնում է Նիդեռլանդների նախկին գաղութներում ստրկության ավարտի 150-ամյակի հետ։