Շերը ներկա է գտնվել Լոս Անջելեսում «Ավրորայի լուսաբացը» ֆիլմի հատուկ ցուցադրությանը
Օսկարի, Գրեմմիի, Ոսկե գլոբուսի մրցանակակիր, ամերիկահայ փոփ-երգչուհի, դերասանուհի, ռեժիսոր և երաժշտական պրոդյուսեր Շերը (Շերլին Սարգսյան) ներկա է գտնվել «Ավրորայի լուսաբացը» ֆիլմի հատուկ ցուցադրությանը Լոս Անջելեսի IPIC THEATER-Westwood թատրոնում։ Հայաստանի ազգային կինոկենտրոնից նշում են, որ համաշխարհային աստղը իր աջակցական ուղերձն է հղել ֆիլմի ընթացքին:
«Ավրորայի լուսաբացը» Հայաստանի Ազգային կինոակադեմիայի կողմից ընտրվել է ներկայացվելու համար «Օսկար»-ի 95-րդ մրցանակաբաշխության «լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում
Ֆիլմի հիմքում Արշալույս Մարտիկյանի (նույն ինքը՝ Ավրորա Մարտիկանյան) պատմությունն է։ 14-ամյա դեռատի աղջիկը հայտնվում է Եղեռնի սարսափելի ոճրագործությունների թիրախում, ականատես է լինում իր ամբողջ ընտանիքի սպանությանը, բռնում գաղթի ճամփան, հայտնվում թուրքական հարեմի գերության մեջ և անցնում անասելի արհավիրքներով։
Սակայն իր կամքի ուժի, խելամտության և անդրդվելի վճռականության շնորհիվ նրան հաջողվում է ողջ մնալ, և 1917թ-ին, Զորավար Անդրանիկի և «Մերձավոր Արևելքում ամերիկյան օգնության կոմիտե»-ի օգնությամբ փրկություն գտնել ԱՄՆ-ում։ Այնտեղ նրա կյանքի իրական պատմության հիման վրա հրատարակվում է «Հոշոտված Հայաստան» գիրքը, որը մեծ ճանաչում է ձեռք բերում, իսկ 1919 թ.-ին Արշալույսը հերոսաբար համաձայնում է իր կյանքի դաժան փորձությունների մասին պատմող հոլիվուդյան «Հոգիների աճուրդ» համր ֆիլմում ինքն իրեն մարմնավորել։
Ֆիլմի հիմքում Արշալույս Մարտիկյանի վավերագական արխիվային հարցազրույցներն են, որոնք ոչ միայն հնարավորություն են տալիս հանդիսատեսին տեսնել դաժան իրադարձությունների միջով անցած մարդու էությունը, այլև զգալ նրա ցավը, հիանալ նրա կամքի ուժով, տոկունությամբ, հավատով, դաժանության մեջ գեղեցիկը տեսնելու ու հիշելու նրա կարողությամբ:
«Ավրորայի լուսաբացը» ֆիլմի սցենարի հեղինակներն են ռեժիսոր Իննա Սահակյանը, Կերստին Մեյեր-Բիցը եւ Պիտեր Լյախովը։ Պրոդյուսերներն են Քրիստիան Բիցը, Յուստե Միխայլինայտեն, Կեստուտիս Դռազգաուստասը, Էրիկ Իսրաելյանը եւ Իննա Սահակյանը, կոմպոզիտորները Քրիստինե Աֆդերհարը, Անդրանիկ Բերբերյանը եւ Գարեգին Առաքելյանն են։
ֆիլմը ստեղծվել է Զորյան ինստիտուտի ակադեմիական ներդրման շնորհիվ. դրա հիմքում ինստիտուտի «Բանավոր Պատմության» արխիվն է։
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան