Թեհրանը հայտարարել է, որ Կիևը չի ներկայացրել ՌԴ-ի կողմից իրանական անօդաչու թռչող սարքերի օգտագործման ապացույցներ
Փորձագիտական մակարդակով հանդիպման ժամանակ Կիևը Թեհրանին Ռուսաստանի կողմից իրանական անօդաչու թռչող սարքերի օգտագործման ապացույցներ չի ներկայացրել։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին երկուշաբթի օրը հայտարարել է Իրանի զինված ուժերի պաշտպանության և նյութատեխնիկական ապահովման նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանին։
«Տեխնիկական հանդիպման ժամանակ ուկրաինական կողմը չի ներկայացրել Ռուսաստանի կողմից իրանական անօդաչու թռչող սարքերի օգտագործումը հաստատող որևէ փաստաթուղթ»,-նախարարի խոսքերն է մեջբերում իրանական IRNA գործակալությունը։
Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարարության ղեկավարի խոսքով՝ Ուկրաինայի կողմից համապատասխան փաստաթղթերի տրամադրման հարցը «հետաձգվել է մինչև հաջորդ հանդիպումը»։ Մոհամմադ Ռեզա Աշտիյանին նաև հավելել է, որ իր երկիրը ռազմական ոլորտում «վաղուց» համագործակցում է Ռուսաստանի հետ, սակայն այն ոչ մի կապ չունի Ուկրաինայում ռազմական գործողությունների ժամանակ իրանական անօդաչու թռչող սարքերի օգտագործման մասին հայտարարությունների հետ։
Օգոստոսին The Washington Post-ը հոդված էր հրապարակել, որտեղ ասվում էր, որ Իրանը Ռուսաստանին է մատակարարում իր անօդաչու թռչող սարքերը: Այնուհետև նման հայտարարություններ արեցին ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչները։ Մոսկվան և Թեհրանը բազմիցս հերքել են այդ պնդումները։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նման հաղորդագրությունները տեղեկատվության լցոնում է անվանել և ընդգծել, որ ռուսական բանակն օգտագործում է հայրենական արտադրության անօդաչու թռչող սարքեր։
Իր հերթին, Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հոկտեմբերի 28-ին իր ուկրաինացի գործընկեր Դմիտրի Կուլեբայի հետ հեռախոսազրույցում կրկին հերքել է Իրանի կողմից ռուսական կողմին անօդաչու թռչող սարքերի փոխանցման մասին տեղեկությունը՝ ընդգծելով Թեհրանի պատրաստակամությունը՝ համատեղ հանդիպումներ անցկացնելու և ռազմական փորձագետների միջոցով քննարկելու այս մեղադրանքները։ Ըստ Աբդոլլահիանի՝ Թեհրանի դիրքորոշումը Ուկրաինայի իրադարձությունների վերաբերյալ հիմնված է հակամարտող կողմերին զենք ուղարկելուց հրաժարվելու սկզբունքի վրա։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան