Արցախը կապող միակ ճանապահի փակման նպատակը շատ պարզ է՝ հումանիտար ճգնաժամ ստեղծել. ՄԻՊ
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
Հայտարարությունում ասված է.
«Ադրբեջանցի «բնապահպան ակտիվիստները» փակել են Արցախը Հայաստանի ու աշխարհի հետ կապող միակ ճանապարհը։ Անգամ սկսնակ ուսումնասիրողի համար «ակտիվիստների» գործելակերպն արտացոլող տեսանյութերն ու տեղում ռուս խաղաղապահների հետ խոսույթի բովանդակությունը բացահայտում է «ակցիայի» շինծու բնույթը։
Ինչպես անցյալ տարի Հայաստան-Արցախ միակ գազատարի տևական խափանման դեպքում, այժմ էլ, աշխարհի հետ Արցախը կապող միակ ճանապահի փակման նպատակը շատ պարզ է՝ անտանելի հումանիտար ճգնաժամ ստեղծել ու այդպիսով ստիպել մարդկանց լքել իրենց տներն ու հայրենիքը։ 120 հազարից ավել խաղաղ ծերեր, կանայք, երեխաներ ու տղամարդիկ թակարդում են հայտնվել՝ վտանգված են նրանց կյանքի, առողջության պահպանման, կենսապահովման, ազատ տեղաշարժի և այլ կենսական ու անքակտելի իրավունքները։
Էթնիկ ատելությամբ (հայատյացությամբ) բորբոքվող ու սնուցվող այս քաղաքականությունն ուղիղ արտոնված է ադրբեջանական պետության իշխանությունների կողմից՝ ի հակադրումն միջազգային մարդու իրավունքների, ինչպես նաև այդ պետության կողմից եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների։
Իրավիճակի վերաբերյալ փաստերը ներկայացրել եմ միջազգային իրավասու կազմակերպություններին ու դերակատարներին՝ պահանջելով աներկբա դատապարտել ցեղասպանական քաղաքականության այս ակտը և ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ դադարեցնելու մարդու իրավունքների աղաղակող ու շարունակական այս խախտումները»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին