«Հայրենիք». Օրհասական այս պահին կանգնած ենք Արցախի անկոտրում ժողովրդի կողքին
«Հայրենիք» կուսակցությունը տարածել է հայտարարություն Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետությունում իրավիճակի ապակայունացման և խաղաղ բնակչության ահաբեկման մասին.
««Հայրենիք» կուսակցությունը խստորեն դատապարտում է ադրբեջանական կողմի հերթական սանձարձակ և պրովոկացիոն գործողությունները, որոնք արդեն տևական ժամանակ է, ինչ նպատակաուղղված են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում իրավիճակի ապակայունացմանը։
Տարաբնույթ արհեստածին պատրվակներով արդեն շուրջ մեկ օր փակ պահելով Արցախն աշխարհի հետ կապող «կյանքի» միակ ճանապարհը` Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շուրջ միտումնավոր ստեղծում է հումանիտար աղետ` դրսևորելով ահաբեկչական պետությանը բնորոշ վարքագիծ։ Ի ցույց դնելով իր ֆաշիստական և ռասիստական ողջ էությունը` Ադրբեջանի ներկայիս վարչախումբը անթաքույց պատրաստվում է իրենց բնօրրանում ապրող մեր հայրենակիցների նոր ցեղասպանության կամ լավագույն դեպքում՝ Արցախի հայաթափման։
Այս ամենը տեղի է ունենում Հայաստանի իշխանությունների հանցավոր անգործության ու լռելյայն համաձայնության պայմաններում։ Ինքնամոռաց առաջ տանելով «խաղաղության» դարաշրջան բացելու սին, իսկ իրականում մահաբեր կարգախոսները` Հայաստանի իշխանությունները հայ ժողովրդին տանում են գոյաբանական ինքնաոչնչացման ճանապարհով։
Լրացուցիչ մտահոգության տեղիք են տալիս նաև ռուս խաղապահների պատասխանատվության գոտում ադրբեջանական սադրիչների օրըստօրե լկտիացող և ցինիզմի հասնող գործողությունները, որոնք կոպտորեն խախտում են 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները։
Արցախի ու Հայաստանի սահմաններին ստեղծված ծայրահեղ լարված իրավիճակը ևս մեկ անգամ փաստում է, որ միայն անվտանգության, պաշտպանության ու բանակի արագ վերակազմավորման արժեքների շուրջ պետք է կառուցել պետության առաջնահերթություններն ու համայն հայության ողջ կենսական ուժերն ուղղորդել Արցախի ու Հայաստանի սահմանների պաշտպանության սուրբ գործին։
Օրհասական այս պահին կանգնած ենք Արցախի անկոտրում ժողովրդի կողքին, մեր անվերապահ աջակցությունն ու զորակցությունն ենք հայտնում արցախահայությանը` իրենց հայրենիքում ազատ և անվտանգ ապրելու անքակտելի իրավունքի համար անդադրում պայքարում»։
Հարակից հրապարակումներ`
- Արցախը կապող միակ ճանապահի փակման նպատակը շատ պարզ է՝ հումանիտար ճգնաժամ ստեղծել. ՄԻՊ
- Ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով մեկ օր շարունակ փաստացի շրջափակման մեջ է Արցախը. ՆԳՆ
- Արցախի ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ կգումարի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան