Ռուբեն Վարդանյանն ուղիղ եթերում ներկայացրեց Արցախում տիրող վիճակը
Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանն ուղիղ եթերում ներկայացնում է արդեն երկու օր շրջափակված երկրում տիրող իրավիճակը։
«48 ժամից ավելի է՝ մեզ մոտ շարունակվում է նույն իրավիճակը։ Ուզում եմ ասել, որ հպարտ եմ արցախցիներով։ Ոչ մի խուճապ չկա, մարդիկ իսկապես պատրաստ են պայքարելու։ Մենք ապրում ու աշխատում ենք նորմալ ռեժիմով»,-ասաց նա՝ ավելացնելով, հիմա կասկած չունի, որ հաղթելու են։
Ռուբեն Վարդանյանը մանրամասնեց, որոշել են ամեն օր առաջին ձեռքից տեղեկատվություն փոխանցել՝ ներկայացնելու իրավիճակը, քանի որ թշնամին օգտագործում է տարբեր միջոցներ կեղծ տեղեկություններ ու լուրեր տարածելու համար։
«Մենք չգիտենք, թե ինչքան կշարունակվի այս իրավիճակը։ Ինչքան կտևի մինչև մատակարարումները վերսկսեն, այդ իսկ պատճառով անցել ենք տնտեսող ռեժիմի։ Հատուկ ռեժիմ թողել ենք հատուկ ծառայությունների, շտապ օգնության, հասարակական տրանսպորտի համար»,-ասաց նա։
Նա հատկապես շնորհակալություն հայտնեց Գորիս քաղաքին, որ հյուրընկալել են արցախցի երեխաներին, ասաց՝ ամեն բան արվում է նրանց համար լավ պայմաններ ապահովելու։
Արցախցի պաշտոնյան հայտնեց, որ աշխատում են, չեն զիջելու։
«Մենք պատրաստ ենք նորմալ բանակցությունների։ Իրավիճակը լարված է, հորդորում եմ չտրվել կեղծ լուրերին, սադրանքների։ Ամեն ինչ անելու ենք, որ իրավիճակի հանգուցալուծումը լինի մեր օգտին»,-ասաց նա։