Կիպրոսի ԱԳՆ-ն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ապաշրջափակել Բերձորի միջանցքը
Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական Բաքվին կոչ է արել ապաշրջափակել Բերձորի միջանցքով տրանսպորտի և էներգակիրների շարժը՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացումից խուսափելու համար։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այդ մասին ասված է պետության արտաքին գործերի նախարարության՝ չորեքշաբթի օրը տարածված հայտարարության մեջ։
Դրանում ասվում է, որ նախարարությունը «անհանգստացած է Լաչինի միջանցքով երթևեկության խափանումների մասին հաղորդումներով, որոնք հանգեցրել են Լեռնային Ղարաբաղի բնակչության շրջափակմանը և տարածաշրջանի մատակարարման գծերի աշխատանքի խափանմանը»:
Հայտարարության մեջ ասվում է նաև, որ «անհանգստությունն ավելանում է հատկապես բնական գազի մատակարարումների դադարեցման մասին տեղեկատվության պատճառով»։
«Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ սկսել տրանսպորտի շարժի և էներգամատակարարման ամբողջական վերականգնումը տարածաշրջանում հումանիտար իրավիճակի հետագա վատթարացումից խուսափելու համար»,-ասվում է կիպրական կողմի հայտարարության մեջ։
Վեց կիլոմետրանոց Լաչինի միջանցքը Լեռնային Ղարաբաղը կապում է Հայաստանի հարավային հատվածի հետ։
Հիշեցնենք, որ Ադրբեջանն արդեն 3 օր է փակել է Բերձորի միջանցքը և դադարեցրել Արցախի գազամատակարարումը՝ փաստացի շրջափակման մեջ պահելով Արցախի Հանրապետության 120 հազար բնակչի: Ջեռուցումից զրկված են տասնյակ հազարավոր բնակարաններ, դպրոցներ, մանկապարտեզներ և հիվանդանոցներ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան