ՔՊ-ն ՌԴ-ին կոչ է անում իրականացնել անհրաժեշտ գործողություններ
Ազգային ժողովի արտահերթ նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցելու մասին» հայտարարության նախագիծը ներկայացրեց խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
Հայտարարությամբ կոչ են անում միջազգային հանրությանը խստորեն և հասցեական կերպով դատապարտել Ադրբեջանի գործողությունները և միջոցներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետի ծավալումը կանխելու համար, իսկ ՌԴ-ին կոչ է արվում իրականացնել անհրաժեշտ գործողություններ ապահովելու 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված դրույթների լիակատար իրականացումը ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում։
Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը մերժել է Արցախի հարցով խորհրդարանական ընդդիմության հայտարարության նախագծի քննարկումն ԱԺ արտահերթ նիստում։ ԱԺ նիստի ընթացքում ընդդիմադիր պատգամավորները ՔՊ-ի հեղինակած նախագծի քննարկման ժամանակ լքեցին նիստերի դահլիճը։
Հայկ Կոնջոյանն ասաց, որ քաղաքական մեծամասնությունն ընդդիմության հետ պատրաստակամ է եղել քննարկումներ անելու և ունենալու միասնական տեքստ։
«ԱԺ խորհրդի նիստի ժամանակ մենք որպես իշխող խմբակցություն ընդդիմությանն առաջարկել ենք, որպեսզի մենք այս դժվարին պայմաններում ցուցաբերենք միասնականություն և կարողանանք միասնաբար ընունել մեկ հայտարարություն և միասնական ուղերձ հղենք միջազգային հանրությանը։ ԱԺ հայտարարության նախագիծը ոչ թե կենաց է, որտեղ պետք է մրցենք, թե ով է այդ կենացի մեջ ավելի ճարտար, ավելի խիզախ, ոչ թե պետք է էկրանի ասպետներ մեզ հռչակենք, այլ պետք է զբաղվենք գործով ու կարողանանք այնպիսի միջազգային ուղերձներ հղենք աշխարհին, որը սինխրոն կլինի Հայաստանի իրականացրած պաշտոնական արտաքին քաղաքականությանը։ Մենք առաջարկել ենք՝ ինքներս պատրաստ ենք ընդդիմության հետ գալ կոմպրոմիսների, մի շարք բաներ ինքներս ընդունել, առաջարկել ենք իրենք էլ ընդունեն մեր առաջարկած տեքստը։ Ընդդիմությունը, բնականաբար, հրաժարվել է։ Ոչ միայն հրաժարվեց, նաև հրաժարվեց մասնակցել այս հայտարարության նախագծի քննարկմանն ու ներկայացնել իրենց դիտարկումները։
Սա ինչ է նշանակում. մեր ընդդիմությունը ոչ թե ԱԺ-ում հայտարարության նախագիծ էր ուզում ստանալ, այլ ուզում էր ԱԺ-ում ստանալ միտինգ, ինչը որ չստացվեց։ Երբ որ իրենք հասկացան, որ ԱԺ-ում իրենց միտինգը չի ստացվում, ասացին՝ շատ լավ, մենք էլի դուռը կշրխկացնենք, կգնանք և դրսում միտինգ կանենք, կշարունակենք մեր դեգերումները Երևանի փողոցներով։
Կարծում եմ՝ այս պարագայում մենք ոչ թե պետք է զբաղվենք նորից նույն հնամաշ տեքստների ճոռոմաբանությամբ, այլ փորձենք միասին ընդհանուր հայտարարի գանք ու միասնական ուղերձ հղենք ամբողջ աշխարհին»,- ասաց ՔՊ-ական պատգամավորը։
Ազգային ժողովը՝ միայն ՔՊ-ական պատգամավորների քվեարկությամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցելու մասին» ԱԺ հայտարարության նախագիծը. 57 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ։
Հարակից հրապարակումներ`
- ՔՊ-ն մերժել է ընդդիմության հայտարարության նախագծի քննարկումն ԱԺ արտահերթ նիստում
- ՔՊ-ի ներկայացրած օրակարգը որևէ ձևի համարժեք չէ Արցախի և Հայաստանի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակին. Աբրահամյան
- ՔՊ-ի կողմից ներկայացված հայտարարությունն ավելի լավ է՝ չարվի. Արծվիկ Մինասյան