Ամերիկացի կոնգրեսականներ. Մտահոգիչ է, որ ադրբեջանական ժողովրդին թույլատրվում է ազատորեն բողոքել միայն այն դեպքում, երբ դա սպառնում է հայերի կյանքին
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի անդամները հանդես են եկել Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքն ադրբեջանցիների կողմից փակելու վերաբերյալ հայտարարությամբ։ Ամերիկացի կոնգրեսականներն այդ գործողությունները որակել են թշնամական, որոնք ողբերգական հետևանքներ են թողնում, վտանգներ ստեղծում շրջափակված Արցախի բնակչության համար։
«Դատապարտում ենք Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները Լեռնային Ղարաբաղում։ Մտահոգիչ է, որ ադրբեջանական ժողովրդին թույլատրվում է ազատորեն բողոքել միայն այն դեպքում, երբ դա սպառնում է հայերի կյանքին։ Նրանց կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը կարծես թե համակարգված է և նպատակ ունի փակել դեպի Արցախ սննդի, բժշկական պարագաների և տրանսպորտի, ինչպես նաև առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարման միակ ուղին, էլ չենք խոսում Արցախի ժողովրդի ազատ տեղաշարժի սահմանափակումների մասին։
Լրացուցիչ զեկույցներում նշվում է, որ Ադրբեջանը փակել է բնական գազի հիմնական աղբյուրներից մեկը՝ ջերմաստիճանի անկման պայմաններում այդ տարածքում ապրող տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչների թողնելով առանց ջեռուցման, ինչպես դա արեց այս տարվա սկզբին՝ մարտին»։
Կոնգրեսականները նշում են, որ Ադրբեջանի օրինաչափ գործողությունների հետևանքով Արցախում մարդասիրական ճգնաժամի ռեալ վտանգ կա, Ալիևի ռեժիմի ռազմատենչ հռետորոբանությունն ու այս գործողություններն ուղղված են Արցախի հայաթափմանը.
«Կոչ ենք անում Միացյալ Նահանգներին և մեր եվրոպացի գործընկերներին օգտագործել իրենց ձեռքի տակ եղած դիվանագիտական բոլոր գործիքները՝ դադարեցնելու Ադրբեջանի կողմից ստեղծված այս շինծու ճգնաժամը, ԵԱՀԿ Մինսկի խմբի և այլ բազմակողմ խաղաղ գործընթացների միջոցով Ալիևին վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ և ապահովել, որ Արցախի ժողովուրդն ընդգրկված լինի այս քննարկումներում»։
Հարակից հրապարակումներ`
- Անժամկետ նստացույց ու շարժում ենք սկսում Երևանում՝ այս փուլում ՄԱԿ-ի գրասենյակի առջև. Արտակ Բեգլարյան
- Արցախում առաջացել է բենզինի, դիզվառելիքի, հեղուկ և սեղմված գազի պակաս
- ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանին ապահովել Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ տեղաշարժը
- Արցախի ՄԻՊ. ԵՄ-ն պետք է պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի նկատմամբ
- Նեդ Փրայսը՝ Բերձորի միջանցքում ստեղծված իրավիճակի հետ կապված ԱՄՆ գործողությունների մասին
- Մհեր Մուսայելյան. Արցախում 5 հիվանդի անհրաժեշտ է շտապ Երևան տեղափոխել
- Նեդ Փրայս. ԱՄՆ-ն ակտիվորեն համագործակցում է կողմերի հետ Հարավային Կովկասի խաղաղ ապագան ապահովելու համար