Ոչ բավարար եմ գնահատում ռուս խաղաղապահների գործողությունները. Արծվիկ Մինասյան
«Ես ոչ բավարար եմ գնահատում ռուս խաղաղապահների գործողությունները, հարկավոր էր ավելի կոշտ միջոցներ կիրառել»,-Աժ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը և հավելեց. «Իրենք ասում են, որ նման մանդատ չունեն, բայց ես ասում եմ, որ կա այդ մանդատը, որը գալիս է մարդու հումանիտար իրավունքների ապահովման հրամայականից և այդ մանդատը ՌԴ-ն ունի նաև որպես ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր և, ի վերջո, որպես 2020 թ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կարևորագույն երաշխավորող կողմ»:
Նա հայտարարեց, որ այդ մանդատն օգտագործելու համար Հայաստանի պաշտոնական տեսակետն էլ պետք է օգնի և բացատրեց, որ հայկական կողմը ոչ թե անընդհատ պետք է մեղադրի Ռաուսաստանին, այլ պահանջներ առաջադրի միջազգային հանրությանը՝ միջնորդելով, որ շատ ավելի կոշտ միջոցներ իրականացի:
«Երբ որ մենք խոսում ենք Արցախում հումանիտար աղետի մասին, այն միջազգային իրավունքում պահանջում է կոնսոլիդացիա ՄԱԿ-ի անդամ այն բոլոր երկրների միջև, որոնք ստորագրել, վավերացրել և իրականացնում են այն, իսկ չի արվում, քանի որ Հայաստանի արտաքին քաղաքականությունն ակտիվ չէ այդ ուղղությամբ: Միայն կոչերով չէ, այն անընդհատ աշխատանք է պահանջում»,-շեշտեց Մինասյանը
Անդրադառնալով ԵՄ դիտորդական առաքելության գործունեության ավարտի փաստին՝ ընդդիմադիր պատգամավորը հարց բարձրացրեց, թե ի՞նչ են իրենք արել, քանի որ առաքելության գտնվելու ժամանակ Ադրբեջանը սահմանին անընդհատ կրակել է և եղել են զոհեր:
«Հարցը հետևյալն է, Հայաստանի իշխանությունն ասում է՝ չբարձրաձայնեք Արցախի ինքնորոշման մասին, չխոսենք Արցախի Հանրապետության մասին, որպեսզի Ադրբեջանին ավելի ագրեսիվ վարքագծի չմղենք: Այդ դեպքում թող իշխանություններն ասեն, թե ի՞նչ են անում որպեսզի մեր հայրենակիցների իրավունքները երաշխավորված պաշտպանվեն»,-ասաց Արծվիկ Մինասյանը:
Հարակից հրապարակումներ`
- Մինչև 2030 թ-ը առողջ ապրելակերպ ունեցող երեխաների/մեծահասակների մասնաբաժինը հասցնել համապատասխանաբար 80 %/50 %-ի. ռազմավարություն
- Ադրբեջանից հնչող կամ ուրվագծվող պահանջների կատարումը խաղաղություն չի բերելու. Տիգրան Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան